Գլխավոր Նորություններ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

849
Տարածել

Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 10-16-ը Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացվել է «Կլիմայի փոփոխությունների մասին» շրջանակային կոնվենցիայի տարեկան՝ 23-րդ համաժողովը, որտեղ հերթական անգամ կարևորվել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, անցումը կանաչ տեխնոլոգիաների, անտառապահպանման և անտառվերականգնման աշխատանքները և այլն: Այս ամենի արդյունքում կհաջողվի Երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը զսպել 1,5-2 աստիճանի սահմաններում: Բոննում որոշվել է ստեղծել «Քաղաքապետերի գլոբալ պակտ», որով քաղաքային իշխանությունը կպարտավորվի ծրագրեր իրականացնել կլիմայի և էներգետիկայի ոլորտներում: 121 երկրի 7400 քաղաք արդեն պատրաստ է միանալ փաստաթղթին: 2017-ի հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս  2015-ին Փարիզում  կնքված «Կլիմայի փոփոխությունների մասին» համաձայնագրից, ամերիկյան 367 քաղաք պատրաստ է միանալ մշակվելիք փաստաթղթին և կյանքի կոչել փարիզյան համաձայնագիրը:

Բացի սրանից, Բոննում այլ պայմանավորվածություններ էլ են  եղել: 20 երկիր, այդ թվում` Միացյալ թագավորությունը, Կանադան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, պայմանավորվել են ստեղծել «Ածխի գլոբալ ալյանս», որը պետք է խթանի այսօրվա ածխային էներգետիկայից հրաժարումը և փորձի հասնել նրան, որ ածխով աշխատող արտադրություններ չլինեն:

19 այլ երկիր, այդ թվում՝ Բրազիլիան, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Մոզամբիկը, պայմանավորվել են  բիովառելիքի արդյունավետ օգտագործման ուղղությամբ ջանքեր գործադրել և կհամագործակցեն «Կայուն էներգիա բոլորի համար» նախաձեռնության հետ: Զարգացած երկրները պատրաստակամություն են հայտնել մինչև 2020 թվականը տարերային աղետներից ապահովագրել նվազ զարգացած երկրների առնվազն 400 մլն բնակչի:

Այս նախաձեռնությունները մեկ նպատակ ունեն. վերացնել ջերմոցային գազերի արտանետումներ-գլոբալ տաքացում-կլիմայի փոփոխություն-բնապահպանական արտակարգ իրավիճակներ վնասաբեր շղթան:

 

Հրապարակման պատրաստեց

Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ