Գլխավոր Վերլուծություն ՌՀՄԱԿ-ում մշակված համակարգը հետաքրքրել է միջազգային գիտաժողովի մասնակիցներին

ՌՀՄԱԿ-ում մշակված համակարգը հետաքրքրել է միջազգային գիտաժողովի մասնակիցներին

876
Տարածել

Մարտի 4-ին եւ 5-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվել է «Ռուսաստանի ԱԻ նախարարության որոնողափրկարարական ծառայությունը ներկա փուլում եւ լեռներում ու ծովերում փրկարարական աշխատանքների իրականացման տեխնոլոգիաների հետագա զարգացում» թեմայով միջագային գիտաժողով, որին մասնակցել են Գերմանիայի, Սերբիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ավստրայի, Ֆինլանդիայի, Բելառուսի եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացրել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գործող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տնօրեն Յուրի Պոլեշչուկը եւ ՌՀՄԱԿ օպերատիվ կառավարման բաժնի պետ Սերգեյ Ազարյանը:

Յուրի Պոլեշչուկի խոսքով, միջոցառումը նվիրված էր Ռուսաստանի Հարավային տարածաշրջանային փրկարարական ջոկատի հիմնադրման 25-ամյակին: Ներկայացվել են հետաքրքիր զեկույցներ. ինչպես դյուրացնել փրկարարական աշխատանքները ջրում, լեռներում՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ:  Օրինակ ֆրանսիացիները ներկայացրել են ջրածածկ տարածքից կամ այրվող շենքի տանիքից մարդկանց տարհանելու նոր միջոց, որը շատ նման է գլխիվայր պահած հովանոցի: Ուղղաթիռի օգնությամբ սա իջեցնում ես աղետի գոտի եւ կարող ես միաժամանակ 10 հոգու տարհանել: Ռուսական մի ընկերություն մշակել է տեղական՝ սահմանափակ տարածքում շարժական, բջջային կապ ստեղծելու համակարգ: Սա կարող է կիրառվել, եթե աղետի արդյունքում վնասվել են տարածքի էներգամատակարարման, կապի համակարգերը:

Հայաստանի ներկայացուցիչը խոսել է անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակների մոնիտորինգի վերաբերյալ զեկույց: ՌՀԿԱՄ-ում մշակվել է մի համակարգ, որը թույլ է տալիս ԱԹՍ-ների միջոցով շատ արագ գնահատել արտակարգ իրավիճակի (անտառային հրդեհ, սողանք, ջրհեղեղ, սելավ, ձնահոսք եւ այլն) տարածքը եւ արձագանքող ուժերին տրամադրել ամփոփ եւ ամբողջական տեղեկություններ: Աղետի չափերը ճշտելու համար հետախուզության նպատակով տարածք մտնելը նախ ռիսկային է փրկարարի համար եւ տարածքի մեծությամբ պայմանավորված երկար ժամանակ կպահանջի: Իսկ ԱԹՍ-ների կիրառումը էապես կրճատում է ժամանակը եւ զրոյացնում զոհվելու ռիսկը:

Յուրի Պոլեշչուկի խոսքով, ՌՀՄԱԿ մշակած համակարգը հետաքրքրել է այլ պետությունների ներկայացուցիչների:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Պոլեշչուկը