Գլխավոր Վերլուծություն Հունվարի արտակարգ դեպքերը

Հունվարի արտակարգ դեպքերը

1087
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի հունվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հունվար ամսին իրականացրել են 1440 ելք՝ 11-ով պակաս քան 2019-ի հունվարին: 650 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 501՝ կենցաղային կանչ, 79՝ կեղծ ահազանգ, 210՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 20 մարդ (այդ թվում՝ 3 կին, 2 երեխա), տուժել` 863 մարդ (այդ թվում՝ 301 կին եւ 110 երեխա): Փրկարարները 20 մարդու կյանք են փրկել: 2019 թվականի հունվարի համեմա­տ զոհվածների թվաքանակը նվազել է 5-ով, տուժածներինը՝ 132-ով: Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակամիջոցներում արտակարգ դեպքերի զգալի մասը՝  96,7 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 485 ահազանգ (2019 թվականի հունվարին՝ 460 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 353 դեպքում (2019 թվականի հունվարին՝ 331 դեպք): 66 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2019 թվականի հունվարին՝ 75): 55 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 11 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհներից զոհվել է 2 մարդ:

Հունվարին հրդեհների կեսից ավելին՝ 66 տոկոս կամ 233 դեպք, գրանցվել է քաղաքներում, 34 տոկոսը կամ 120 հրդեհ՝ գյուղերում: Նախորդ տարվա հունվար ամսվա հա­մեմատ քաղաքային հրդեհների քանակն աճել է 31-ով, գյուղական հրդեհների քանակը նվազել 9-ով: Երեւանում գրանցվել է 120 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 60 հրդեհ, ամենաքիչը՝ Արագածոտնը՝ 6 հրդեհ: Ըստ համայքների. ամենաշատ հրդեհ գրանցվել է Լոռվա քաղաքներում՝ 33 եւ գյուղերում՝ 27: Ամենաքիչ հրդեհ գրանցվել է Արագածոտնի քաղաքներում՝ 1 եւ Վայոց ձորի գյուղերում՝ 4:

Հունվար ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 121 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել առանձնատներ՝ 57, աղբ՝ 50, բնակելի շենք՝ 47, տրանսպորտային միջոց՝ 28, տնակ-ավտոտնակ՝ 11 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

Հանրապետությունում 2020 թվականի հունվարին գրանցվել է 354 ՃՏՊ: Նախորդ տարվա հունվարի համեմատ ՃՏՊ-ների քանակն աճել է 55-ով: ՃՏՊ-ներից զոհվել է 16, տուժել՝ 460 մարդ: 2019 թվականի հունվարի համեմատ զոհվածների թվաքանակը  նվազել է 5-ով, տուժածներինը՝ 8-ով: ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 180 դեպք բախումներն են: 69 դեպք՝ մարդկանց վրաերթ, 40 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 65 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­վել է 343 թունավորում, ինչից զոհվել է 2, տուժել՝ 398 մարդ: 2019 թվականի հունվարի համեմատ նվազել են թունավորումների դեպքերը, դրանցից զոհվածների եւ  տուժածների թվաքանակները՝ համապատասխանաբար  101-ով, 2-ով, 117-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. 132 դեպք` ալկոհոլ, 94 դեպք` դեղորայք, 42 դեպք` քիմիական նյութեր, 41 դեպք՝ շմոլ գազ, 14 դեպք` սննդամթերք եւ այլն: Մայրաքաղաքում գրանցվել է 224 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 31 դեպք, ամենաքիչը Սյունիքը՝ 1 դեպք: 2020 թվականի հունվարին Վայոց ձորում թունավորումներ չեն եղել:

Այլ դեպքեր

2020 թվականի հունվարին հանրապետությունում գրանցվել են 5 պայթյուն, 3 փլուզում, 3 մերկսառույց, 1 քարաթափում, 1 ուժեղ քամի, 1 ձնաբուք, 1 սողանք-հողասահք եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ