Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանը կմասնակցի «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովին

Հայաստանը կմասնակցի «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովին

452
Տարածել

Մայիսի 13-17-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվելու է «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաեւ ԱԻ նախարարի օգնական Արտակ Սաֆարյանը, Աղետների ռիսկի նվազեզման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը, օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական կառույցներում ԱԻՆ ներկայացուցիչ Լուսինե Ժամհարյանը: Համաժողովի կասրգախոսն է. «Կայունության առավելությունը. Դեպի ապահով եւ ինտեգրված հասարակություն»:

2017 թվականին անցկացված «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» հինգերորդ համաժողովին մասնակցել է տասնյակ պետության եւ միջազգային կառույցի մոտ 5000 ներկայացուցիչ: Ենթադրվում է, որ վեցերորդ համաժողովը պակաս մարդաշատ չի լինի:

Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղան ձեւաչափով քննարկումներ, զեկույցներ, շնորհանդեսներ: Երկրները կներկայացնեն աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ոլորտում իրենց հաջող նախաձեռնությունները, ձեռքբերումները:

Քննարկվելու են բազմաթիվ թեմաներ՝ ռիսկով պայմանավորված ներդրումներ եւ ԱՌՆ տնտեսություն, Աղետների ռիսկի նվազեզման Սենդայի գործողությունների ծրագրի հաջողությունների հզորացում, կայուն զարգացումն ու կլիմայի փոփոխությունը, կանանց առաջնորդությունը ԱՌՆ ծրագրերում եւ այլն: Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովների շրջանակներում առաջին անգամ կկազմակերպվի նորարարությունների հարթակ, որտեղ երկրները կներկայացնեն ԱՌՆ եւ ԱՌԿ ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը: Կկազմակերպվի նաեւ կրթական լաբորատորիա՝ առ-ցանց ինտերակտիվ նստաշրջան:

Համաժողովի «տանտերը»՝ Շվեյցարիայի կառավարությունը նախատեսում է կազմակերպել մի շարք դաշտային այցելություններ՝ համաժողովի մասնակիցներին հնարավորություն տալ տեսնել Շվեյցարիայում աղետների ռիսկի նվազեցման ծրագրերը՝ լեռնային վտանգների, ջրհեղեղների կառավարման, ցունամիներից եւ երկրաշարժերից պաշտպանության եւ այլ ոլորտներում:

Հայաստանը ակտիվ մասնակցում է աղետների ռիսկի նվազեցման-կառավարման միջազգային ծրագրերին եւ ունի այդ թեմաներով հավաքներ անցկացնելու հարուստ փորձ: Մասնավորաբար.

«Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովներն անցկացվում են ՄԱԿ-ի հովանու ներքո՝ Հյոգոյի 2005 թվականի համաժողովից հետո երկու տարին մեկ՝ 2007, 2009, 2011, 2013, 2017: 2015-ին չի անցկացվել, քանի որ հրավիրվել է Սենդայի համաժողովը: 2017 թվականին Մեքսիկայում անցկացված 5-րդ համաժողովում  Հայաստանը պարտավորվեց եւ 2018 թվականին անցկացրեց Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը:

2013, 2014, 2015 եւ 2016 թվականներին Հայաստանում անցկացվել են «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեզման անկյունաքար» միջազգային համաժողովներ:

2016 թվականին Հայաստանում անցկացվել է աղետի հետեւանքների վերացման հարցում միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցելու թեմայով միջազգային սիմուլացիոն վարժանք:

2019 թվականին Հայաստանում անցկացվել է Եվրոպական միության «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում Արեւելյան գործընկերության երկրներում» (Prevention, Preparedness and Response to Natural and Man-made Disasters in the Eastern Partnership Countries. PPRD East-2) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի ամփոփիչ հավաքը, 2017 թվականին Մոլդովայում անցկացվել է անցկացվել է EU MOLDEX 2017 միջազգային դաշտային վարժանք, որին մասնակցել են նաեւ Հայաստանը:

Նույն տարում Հայաստանը մասնակցել է Բոսնիա-Հերցեգովինայում անցկացված ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) կազմակերպած «Բոսնիա-Հերցոգովինա-2017» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքին: 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ