Գլխավոր Նորություններ ԲՈՍՆԻԱ-ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ-2017

ԲՈՍՆԻԱ-ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ-2017

574
Տարածել

Մեր փրկարարները ՆԱՏՕ-ի միջազգային վարժանքին

Ինչպես և տեղեկացրել էինք մեր թերթի 34-րդ համարում, սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա-Հերցոգովինայում անցկացվող Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) կազմակերպած «Բոսնիա-Հերցոգովինա-2017» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքին մասնակցել են Հայաստանի փրկարարները՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ, աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժին պետ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանի գլխավորությամբ:

Սա «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» կազմակերպած տարերային աղետների հետևանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքն էր, որին մասնակցում էր 30 երկրի փրկարար (Հայաստան, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պակիստան, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, նախկին հարավսլավական հանրապետություն՝ Մակեդոնիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այսպիսի վարժանքներ EADRCC-ը կազմակերպում է ամեն տարի: 2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր:

Ըստ Արթուր Մուրադյանի, «Բոսնիա-Հերցոգովինա-2017» դաշտային վարժանքին Հայաստանի փրկարարներից չորսը եղել են տեղամասերի պատասխանատու, մեկ հոգի՝  միջազգային վարժանքների դեպքում ստեղծվող միջազգային որոնողափրկարարական թիմերի ղեկավարման շտաբում, մեկ գնահատող, մեկ դիտորդ: Մնացածը՝ քաղաքային որոնողափրկարարական մեկ թիմ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային մոնիթորինգ իրականացնող մասնագետներ, ջրասուզակներ, մասնակցել են փրկարարական գործողություններին:

Վարժանքի սցենարի համաձայն, Բոսնիա-Հերցոգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևներից վարարում է Սավա գետը, հետո այլ գետեր, ու վտանգվում են ջրամբարներ, ջրհեղեղ է սկսվում՝ վնասելով Տուզլա, Լուկավաչ, Գրաչանիկ քաղաքները, Մոդրիկ լճի մատույցների և լիճը թափվող Սփրեչա գետի երկայնքով տեղակայված գյուղերը: Մոտակա լեռան լանջերի սողանքներն են ակտիվանում, տուժում է 40 շենք և 160 առանձնատուն, այդ թվում՝ դպրոցներ, բուժհաստատություններ, վնասվում՝ 15 կամուրջ, տասնյակ ճանապարհներ են ավերվում, ջուրը քշում է հարյուրավոր ընտանի կենդանիներ, տարհանվում է 1500 մարդ, անհետ կորած է 20-ը, առողջապահական հաստատությունները գերբեռնված են, հաստատվել է, որ աղտոտված է խմելու ջուրը, սննդի պակաս է զգացվում, չհաստատված լուրեր կան, որ նախկինում ականապատ և ականազերծված տարածքից ջրի հոսքը չպայթած ականներ է բերել: Աղետից մեկ օր անց գրանցվում է 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: 12 վայրկյան տևած ցնցումներից զոհվում է 30 մարդ, հանքերից մեկում հանքափորներ են արգելափակվում հողի տակ, վնասվում են հին շենքեր, արդյունաբերական ձեռնարկություններից մեկում թունավոր նյութերի արտանետում է եղել, մեծապես տուժում են հաղորդակցության ուղիներն ու միջոցները: Սեյսմոլոգները չեն բացառում, որ ցնցումներ դեռ էլի կլինեն, ինչից կարող են վնասվել ջրամբարների պատվարները: Երկրի ազգային միջոցները բավարար չեն, ու միջազգային անհապաղ օգնության խնդրանք է տարածվում:

Արթուր Մուրադյանի խոսքով, Հայաստանի փրկարարներն աշխատել են բոլոր յոթ  տեղամասում, ունեցել թե անհատական խնդիրներ-առաջադրանքներ, թե այլ թիմերի հետ համատեղ գործողություններ: Օրինակ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային մոնիթորինգի մասնագետներն աշխատել են ամերիկացիների հետ, ջրափրկարարները՝ ուկրաինացիների: Մեր փրկարարները առաջադրված խնդիրները բարձր մակարդակով լուծել են, հայտնաբերել են թե զոհերի, թե կենդանի տուժածների:

Միջազգային վարժանքներին մասնակցում են «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) սահմանած չափանիշներին համապատասխանող թիմեր, որոնք ունակ են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել աշխարհի ցանկացած երկրում: Վարժանքի նպատակը ոչ թե նրանց ինչ-որ բան սովորեցնելն է, այլ տուժած երկրին օգնության եկած տարբեր թիմերի միջև համագործակցության մեխանիզմները կատարելագործելը: «Բոսնիա-Հերցոգովինա-2017» դաշտային վարժանքի արդյունքները կամփոփվեն 2018-ի հունվարին:

ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնը» հիմնադրվել է 1998 թվականին աղետների կառավարման և աղետյալ երկրներին միջազգային օգնություն հասցնելու գործիք է:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ