Գլխավոր Նորություններ ՕՏԱՐՆԵՐԸ ՄԵԶԱՆԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆ

ՕՏԱՐՆԵՐԸ ՄԵԶԱՆԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆ

990
Տարածել

EU MOLDEX 2017 առաջին միջազգային դաշտային վարժանքի եզրակացությունը՝ 2018-ին

Այս տարեսկզբից պարբերաբար տեղեկացրել ենք, որ մեր փրկարարները սեպտեմբերի 17-21-ը մասնակցել են «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East-2) ծրագրի շրջանակներում Մոլդովայում կազմակերպվող EU MOLDEX 2017 առաջին միջազգային դաշտային վարժանքին («911.Արտակարգ թերթ», 2017, թիվ 3, 6 , 8, 9, 24, 34):

PPRD East ծրագիրը մեկնարկել է 2010-ին (2010-2014 հատվածում՝ PPRD East-1, 2014-ից մինչ օրս PPRD East-2), և այդ ընթացքում եղել են քննարկումներ, համաժողովներ: EU MOLDEX 2017 դաշտային վարժանքին մասնակցել են Արևելյան գործընկերության բոլոր երկրները՝  Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, նաև Չեխիան, Դանիան, Ռումինիան: Դիտորդներ են եղել Էստոնիայից, Ֆինլանդիայից և Միացյալ Թագավորությունից:

Հայաստանից մասնակցել են քաղաքային որոնողափրկարարական մեկ թիմ՝ 14 հոգի, երկու բժիշկ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային մոնիթորինգ իրականացնող հինգ մասնագետ, թիկունքի ապահովման մեկ մասնագետ: Միջազգային վարժանքների դեպքում ստեղծվում է միջազգային որոնողափրկարարական թիմերի ղեկավարման շտաբ: Այս շտաբում Հայաստանն ունեցել է երկու ներկայացուցիչ. ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ, որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորում անցած հայկական թիմի հրամանատարի տեղակալ Սամվել Շահմուրադյան և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչ, INSARAG-ի արտաքին որակավորում անցած հայկական թիմի անդամ Գարրի Արմաղանյան:

Վարժանքի սցենարի համաձայն՝ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, փլվել են բազմաթիվ շենքեր, ջրամբարների պատվարներ են վնասվել, թունավոր և վտանգավոր նյութեր տեղափոխող տրանսպորտային միջոցներ են վթարվել: Մոլոդվան միջազգային օգնություն է խնդրում: Վարժանքի նպատակն էր ստուգել PPRD East ծրագրի մասնակից երկրների փրկարարական կարողությունները: Շեշտը դրված էր միջազգային համագործակցության վրա, ու վարժանքի բոլոր տեղամասերում էլ աշխատում էր երկու-երեք թիմ:

EU MOLDEX 2017 միջազգային դաշտային վարժանքի մասնակից հայկական թիմի ղեկավար, ԱԻՆ փրկարար ծառայության Ծառայության կազմակերպման վարչության պետ Մկրտիչ Ուլիկյանի խոսքով, քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային մոնիթորինգ իրականացնող հայ մասնագետներն աշխատում էին չեխերի, իսկ տուժածներին որոնող-տարհանող փրկարարները՝ Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի գործընկերների հետ: Մեր փրկարարներն զբաղված են եղել երկրաշարժից տուժած շենքի վերևի հարկերում մնացած մարդկանց հայտնաբերում-տարհանումով՝ պարանային վարժություններ և փլակատների տակ մնացած մարդկանց հայտնաբերում-դուրս բերումով՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակների քանդում-կտրում:

Երկրաշարժից տուժած 5 հարկանի շենքի տարբեր հարկերում, այդ թվում՝ վերելակներում, շենքերի փլատակներում հայկական թիմը հայտնաբերել է 12 «տուժածի» և 3 «զոհի»: Բոլոր թիմերը միասին 82 «տուժածի» են փրկել, իսկ գինու գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամոնիակի արտահոսքի տարածքում օգնություն ցուցաբերել 7 «տուժածի»: Բոլոր թիմերը միասին 33 «տուժածի» են հայտնաբերել և տեղափոխել հիվանդանոց:

Մկրտիչ Ուլիկյանի խոսքով՝ Չեխիայի թիմի հրամանատարը հայտարարել է, որ գոհ է Հայաստանի թիմի հետ համագործակցության մակարդակից: Մեր փրկարարների աշխատանքը դրական է գնահատել նաև Միացյալ Թագավորությունից եկած դիտորդը:

Միջազգային որոնողափրկարարական թիմերի ղեկավարման շտաբում մեր երկրի ներկայացուցիչ Սամվել Շահմուրադյանի խոսքով, վարժանքը հետաքրքիր էր նրանով, որ ամեն թիմի գնահատում էր PPRD East ծրագրի մի ներկայացուցիչ: Հայաստանի փրկարարների աշխատանքը գնահատողն ասել է, որ մերոնք ամբողջ ծավալով՝ ամենաշատն էին օգտագործում միջազգային չափանիշներով սահմանված համակարգերը: Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբը՝ INSARAG, սահմանել է փրկարարական աշխատանքների միասնական չափանիշներ, սակայն թիմերի աշխատաոճերը տարբեր էին ու սա, ըստ Սամվել Շահմուրադյանի, ուսանելի էր: «Անկախ վարժանքի կազմակերպման մակարդակից ու սցենարից, վարժանքը միշտ նորություն է, փորձառության բարձրացման հնարավորություն: Թիմերը միասին էին աշխատում, համագործակցություն կար, մեկուսացած չէին, համագործակցության բաղադրիչը շատ լավ էր ստացվել: Վարժանքի ժամանակ մենք ենք տեխնիկական օգնություն ցուցաբերել, մեզ են գույքով օգնել: Մեր տղաները շատ լավ էին տիրապետում ամեն ինչին: Շատերը մեզանից սովորելու բան ունեն»,- վստահ է Սամվել Շահմուրադյանը:

EU MOLDEX 2017 միջազգային դաշտային վարժանքի արդյունքների ամփոփ եզրակացությունը պատրաստ կլինի 2018-ի հունվար-փետրվարին: Վարժանքը գնահատողները տարբեր երկրներից են, և պետք է ամեն մեկը տա իր եզրակացությունը, այնուհետև հավաքեն, քննարկեն ու նոր միայն միասնական եզրակացություն հրապարակեն: Եզրակացությունը կկոչվի «Քաղված դասեր»: