Գլխավոր Նորություններ «Հրդեհ»՝ դպրոցում (լուսանկարներ)

«Հրդեհ»՝ դպրոցում (լուսանկարներ)

1404
Տարածել

Փետրվարի 13-ին Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 87 միջնակարգ դպրոցում անցկացվեց «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության իրականացումը հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ըստ սցենարի՝ մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով իրականացվում է տարհանում։ Դպրոցի քաղպաշտպանական կազմավորումները կատարում են հրդեհաշիջում, օգնություն ցուցաբերում  կոտրվածք և այրվածք ստացած երեք տուժածի։

Երևանի փրկարարական վարչության Ավան բաժնի ԱԻ և ՔՊ հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Աստղիկ Քամալյանը նկատեց՝ կապի, փրկարարական, հակահրդեհային, բժշկական, հասարակական կարգի պահպանման խմբերը և տարհանման հանձնաժողովը միասնական էին գործում։ Մինչև մեկ րոպեում դպրոցից անվտանգ դուրս է եկել մոտ 300 աշակերտ։ Մասնագետը կարևորեց հատկապես բանիմաց ուսուցչական անձնակազմի դերն ու ավանդույթ դարձած մեծաքանակ միջոցառումները՝ նվիրված արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոններին։

Դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանի խոսքով՝ աշակերտների՝ ՔՊ կազմավորումներում ընդգրկվելու ցանկությունը մեծ է։ Ներկայումս բոլոր խմբերում 7-12-րդ դասարաններում ուսանող մոտ 6 աշակերտ կա։ «Տարվա ընթացքում 4-5 ուսումնական վարժանք ենք անում, թե՛ մեծերի, թե՛ փոքրահասակների համար։ Այդպիսով երեխաները պատրաստվում են հնարավոր դեպքերին»,- նշեց տնօրենը։

Դպրոցում առկա են առաջին օգնության համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝  պատգարակ, բժշկական միջոցներով հագեցած պայուսակներ։ Պատանի փրկարարները պատրաստ են ամեն պահի ձեռք մեկնել ընկերներին։

Նարգիզ Զեյնալյանը ժպիտով հավելեց՝ վարժանքին ակամա մասնակից էին դարձել դպրոցին հարակից ավտոճանապարհով երթևեկող ականատեսները, որոնք պատուհանից դուրս եկող ծուխը տեսնելով՝ անմիջապես ահազանգել էին փրկարար ծառայություն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ