Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Մանրամասներ Արայի լեռան ձնահյուսից (լուսանկարներ)

Մանրամասներ Արայի լեռան ձնահյուսից (լուսանկարներ)

3098
Տարածել

Երեկ՝ հունվարի 28-ին, Արայի լեռ ուղևորված 18 հոգանոց  արշավախումբը Ծաղկեվանքի մատույցներում հայտնվել էր ձնահյուսի մեջ: Արդյունքում եղան վիրավորներ և մեկ զոհ։

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են շտապել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատների եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Աշխատանքներին մասնակցել է նաեւ 20 լեռնագնաց։

ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ մայոր Հայկ Նաղդալյանը մանրամասնեց՝ մոտ 50 սմ ձյունը և ուժեղ քամին դժվարեցնում էին արագ տեղաշարժը, փրկարարները ստիպված էին երկու կիլոմետր ոտքով անցնել մինչև գագաթ, որտեղ խմբի անդամներն էին։  Ձնահյուսից տուժած ուղեկցորդը վերջույթների կոտրվածք ուներ, խմբի անդամ պրոֆեսիոնալ բժիշկը նրան անշարժացրել էր, իսկ մյուսները՝ տրամադրել իրենց հագուստը ցրտից պաշտպանելու համար։ Տուժածը պատգարակով տեղափոխվել և հանձնվել էր լեռան ստորոտին սպասող շտապօգնության բրիգադին։ «Ուղեկցորդը շոկային վիճակում էր, 3-4 ժամ ցավ էր զգացել։ Մյուս վիրավորը վնասել էր ոտքը, սակայն կարողանում էր քայլել։ Արշավականները հոգնած էին ու ցրտահարված։ Լեռնագնացները մինչև վերջ աշխատեցին մեզ հետ»,- ասաց կենտրոնի պետը։

Փրկարարի դիտարկմամբ՝ Արայի լեռան ռելիեֆը վերուվար կառուցվածք ունի, այստեղ հաճախ է մառախուղ գրանցվում։ Նախորդ տարիների դեպքերը ցույց են տվել, որ լեռան տարածքում հեշտ է մոլորվելը և փխրուն ժայռերի պատճառով վնասվածք ստանալը։

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ, փրկարար-լեռնագնաց Սուրեն Դանիելյանը հավելեց՝ Ծաղկեվանքի տարածքն ամենավտանգավոր հատվածն է, քանի որ կանաչապատ լանջերից հետո կտրուկ իջվածք է։ Ուղեկցորդ, լեռնագնաց Էդգար Նավասարդյանը ձնահյուսի առաջին հարվածն իր վրա է կրել։ Տաք եղանակից հալած ձյունն իջել է արշավականների մարմնի ծանրությունից՝ 6  հոգու ստիպելով մոտ 30-40 մետր ցած գլորվել։

Ի պատասխան հարցին՝ արդյոք արշավախումբը չէր զգուշացվել հնարավոր վտանգների մասին, Սուրեն Դանիելյանը նկատեց՝ տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ են Ծաղկեվանք այցելում, պարզապես այս տարվա տաք եղանակը «չար կատակ» արեց։

Էդգար Նավասարդյանն այժմ հիվանդանոցում է, նախատեսվում է երեք բարդ վիրահատություն։ Հետագա վերականգնողական բուժումը մոտ մեկ տարի կտևի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել են  Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) փրկարարները: