Գլխավոր Նորություններ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

605
Տարածել

Դեռևս այս տարվա հունիսին ենք տեղեկացրել, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամն ու Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցը մտադիր են շարունակել 2013 թվականին սկսված համագործակցությունը՝ ի նպաստ ԱԻՆ աղետների արձագանքման և ՃԿՊԱ կարողությունների հետագա զարգացման  (911.«Արտակարգ թերթ» համար 21, 2017 թվական՝ «Գերմանական չորրորդ դասընթացը ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»): Այն ժամանակ Հայաստանում էր Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ Վոլֆգանգ Շմիդտը, որը հանդիպումներ ունեցավ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության հետ:

Անցած շաբաթ Վոլֆգանգ Շմիդտը կրկին Հայաստանում էր, և արդեն եռակողմ համաձայնագիր են ստորագրել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամն ու Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցը: Կողմերը պարտավորվել են ակադեմիայում կազմակերպել «Խոսակցությունների վարում» և «Հեռախոսով առաջին օգնության տրամադրում» թեմաներով վերապատրաստման դասընթացներ «911» ծառայության կարգավար-օպերատորների համար և այդ դասընթացների մեթոդաբանության ու բովանդակության վերաբերյալ դասընթաց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսների համար, որպեսզի հետայսու մեր մասնագետներն անցկացնեն կարգավար-օպերատորների դասընթացները:

Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի օգնությամբ մինչ օրս անցկացվել է վերապատրաստման երեք դասընթաց՝ ճգնաժամային կառավարման ոլորտի իրավական հիմունքներ, կենտրոնի տեխնիկական կառուցվածք, սթրես և սթրեսի հաղթահարում և այլ թեմաներով, մասնակցել է մոտ 100 մարդ: Նախնական պայմանավորվածության համաձայն, չորրորդ դասընթացը կանցկացվի 2018-ի գարնանը,  կմասնակցի մոտ 30 մարդ՝ 10 հոգանոց երեք խումբ: Գերմանական դասընթացի ձևաչափը նույնն է՝ ոչ թե պարզ դասախոսություն, այլ՝ ինտերակտիվ շփում, կենդանի զրույց, հարցուպատասխան, գործնական վարժություններ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Գերմանական կարմիր խաչը պայմանավորվել են 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ աղետների ռիսկի նվազեցման ու դիմակայունության բարձրացման միջոցառումների շարքում Հայաստանում առաջին անգամ կազմակերպել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ: Այս մասին առավել մանրամասն՝ առաջիկա համարներում: