Գլխավոր Վերլուծություն Ապահով դպրոց, անվտանգ կրթություն

Ապահով դպրոց, անվտանգ կրթություն

904
Տարածել

2019 թվականից ՀՀ պետական բյուջեով իրականացվում է «Ապահով դպրոց» ծրագիրը, որի բաղադրիչներից մեկը հանրակրթական դպրոցների համալիր անվտանգության բարելավման միջոցառումն է։ Նպատակը՝ հզորացնել դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունները, բարձրացնել
դպրոցի անձնակազմի եւ աշակերտների անվտանգության մակարդակը։ Թիրախում մարզային ուսումնական հաստատություններն են։

Նախորդ տարի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 14,233 միլիոն դրամ դրամաշնորհ է հատկացրել մրցույթում հաղթած 6 կրթօջախի՝ Մարտունու թիվ 1 հիմնական, Աբովյանի թիվ 5 հիմնական, Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ, Գյումրու թիվ 37 ավագ, Գլաձորի միջնակարգ եւ Կապանի թիվ 12 հիմնական դպրոցներին։ Այս կրթօջախներում տեղադրվել են հակահրդեհային անվտանգության ազդանշանային համակարգեր, ձեռք են բերվել հակահրդեհային վահանակներ ու կրակմարիչներ, անցկացվել է հակահրդեհային ջրամատակարարման ներքին ցանց, տեղադրվել է թեքահարթակ, անցկացվել են առաջին օգնության դասընթացներ եւ այլն:

ԿԳՄՍ նախարարության զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Մելանյա Ստեփանյանի խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել այն դպրոցները, որոնք ունեն աղետների ռիսկի կառավարման պլան։ Մասնակցության պայմաններից գլխավորը հենց պլանի տեղադրումն է դպրոցի պաշտոնական կայքէջում։ Դրամաշնորհի առավելագույն սահմանաչափը 2,5 միլիոն դրամ է։

2020 թվականին մրցույթում կընդգրկվի 10 ուսումնական հաստատություն, որոնց կտրամադրվի 23,722 միլիոն դրամ դրամաշնորհ: Ծրագիրը շարունակական է, նախատեսվում է ամեն տարի ծրագրում ընդգրկել նախորդ տարվանից 5-ով ավելի դպրոցի:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում իրականացված քայլերի մասին պատմող լուսանկարները տրամադրել է ԱԻՆ փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության աղետների հետեւանքների վերացման պլանավորման, կանխատեսումների եւ ծրագրավորման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը