Գլխավոր Ուսուցողական նյութեր 2017-ի շոգ ամառն ու 2018-ի շոգ ձմեռը. Եղանակային անոմալիաները շարունակվում են

2017-ի շոգ ամառն ու 2018-ի շոգ ձմեռը. Եղանակային անոմալիաները շարունակվում են

1543
Տարածել

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) զեկույցի համաձայն, օդերեւութաբանական դիտարկումների ողջ ժամանակահատվածում, գրանցված բացառիկ ցուցանիշներով, 2015, 2016, 2017 թվականները եղել են ամենաշոգ տարիները: Բարձր ջերմաստիճանի համաշխարհային ռեկորդը գրանցվել է 2016 թվականին: «Մենք ականատես եղանք արտակարգ եղանակակլիմայական պայմանների. Ասիայում օդի ջերմաստիճանը գերազանցում էր 50 աստիճանը, Կարիբյան ավազանում և Ատլանտյան օվկիանոսում ռեկորդային փոթորիկներ գրանցվեցին, Արեւելյան Աֆրիկայում անխնա երաշտ էր, Արկտիկայում տաքացման հետևանքով հալչում են սառույցները», — հայտարարել էր ՀՕԿ գլխավոր քարտուղար Փեթթերի Թաալասը: Ըստ մասնագետների ՝ այս ամենը վկայում է երկարաժամկետ տաքացման անժխտելի երևույթի մասին:

Հայաստանն անմասն չի երկրագնդի վրա տեղի ունեցող կլիմայական փոփոխություններից: Նախորդ տարին Հայաստանում առանձնացավ եղանակակլիմայական պայմանների անոմալիաներով: Առաջին անոմալ երևույթն արձանագրվեց տարեսկզբին, երբ սառը օդի լճացմամբ պայմանավորված՝ Երևանում տևական ժամանակ (80 օր) պահպանվում էր մառախուղը և գրանցվել էր ցածր ջերմային ֆոն: Նվազագույն ջերմաստիճանը քաղաքի ցածրադիր գոտում հասել էր մինչև -20…-24 աստիճանի, բարձրադիր գոտիներում՝ -15…-18 աստիճանի: Իսկ ահա ամառն Հայաստանում անցավ աննախադեպ շոգ եղանակակլիմայական պայմաններում: Օդի առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում Ցելսիուսի սանդղակով 42,6 աստիճան է եղել, Երևանում՝ 41,8 աստիճան: Վերջին 100 տարվա կտրվածքով բացառիկ իրողություն գրանցվեց. 13-15 օր Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը բարձր էր 40 աստիճանից: Տեղումների քանակը հուլիս և օգոստոս ամիսներին խիստ պակաս էր նորմայից, ինչի հետևանքով հանրապետության տարբեր տարածքներում գրանցվեցին աննախադեպ հրդեհներ:

«Տեղումների ամսական քանակը ցածր է եղել նորմայից հունվարից մինչև սեպտեմբեր ամիսներին, իսկ դեկտեմբերին կազմել է նորմայի 20-90%, հոկտեմբերին եղել է նորմայի սահմաններում՝ 90-110%, նոյեմբերին բարձր է եղել նորմայից՝ 200-350%: Արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված շոգ օրերին դիտվել է հարաբերական խոնավության խիստ ցածր արժեք՝ 5-6 տոկոս»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ 2018 թվականի հունվարը բավականին տաք է: Այս հունվարին գրեթե ամեն օր օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, առանձին օրերին՝ 10-12 աստիճանով: Հունվարի 19-21-ին Աֆրիկայի արևադարձային լայնություններից ներթափանցած տաք օդային հոսանքների արդյունքում մայրաքաղաքում գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ: Հունվարի 19-ին օդի ջերմաստիճանը Երևան «Զվարթնոց» օդերևութաբանական կայանում հասել է +15 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976 թվականին գրանցված ռեկորդը՝ 12 աստիճան: Իսկ «Էրեբունի» օդերևութաբանական կայանում ջերմաստիճանը հասել է +13,5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցելով 1961 թվականին գրանցված ռեկորդը՝ 12,5 աստիճան: Այդ օրը ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ