Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Այրվածքներ.կանխարգելում

Այրվածքներ.կանխարգելում

1321
Տարածել

 

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի և աստիճանի այրվածքներ: Այրվածքները կարող են վարակի, ջրազրկման, շոկի պատճառ դառնալ, դրանք շատ ցավոտ են, հաճախ հաշմող և այլանդակող՝ ապաքինումից հետո կոպիտ սպի է մնում: Այրվածքը բարձր ջերմաստիճանի, որոշ քիմիական նյութերի, էլեկտրականության կամ ճառագայթման հետևանքով մաշկի և մարմնի այլ հյուսվածքների վնասումն է: Այրվածքի հետևանքով կարող է դժվարանալ տուժածի շնչառությունը:

Այրվածքները լինում են ջերմային, քիմիական, էլեկտրական, ճառագայթային: Իսկ ըստ խորության՝ մակերեսային, մասամբ թափանցող, խոր թափանցող: Մակերեսային այրվածքի դեպքում վնասվում է մաշկի վերին շերտը: Այս այրվածքների ապաքինումից հետո սպիեր չեն առաջանում: Մասամբ թափանցող այրվածքի դեպքում վնասվում են մաշկի երկու շերտերը, առաջանում են հեղուկով լցված բշտեր, որոնք կարող են բացվել, և մաշկը խոնավանա: Այս այրվածքների ապաքինումից հետո հնարավոր է սպիերի առաջացում: Խոր թափանցող այրվածքի դեպքում վնասվում են մաշկը և խորանիստ հյուսվածքները, արյունատար անոթները: Այս այրվածքները սաստիկ ցավոտ են, և դրանց ապաքինումից հետո առաջանում են կոպիտ սպիեր: Միշտ չէ, որ այրվածք ստանալուց անմիջապես հետո հաջողվում է որոշել այրվածքի ծանրությունը: Այրվածքի ծանրությունը պայմանավորված է այրվածքի խորությամբ, մակերեսով, մարմնի վրա տեղակայմամբ, տուժածի տարիքով, առողջական վիճակով: Սակայն անգամ մակերեսային այրվածքը վտանգավոր է կյանքի համար: Այրվածքները կարելի է կանխել՝ հետևելով պարզ նախազգուշական միջոցառումների: Բոլոր դեպքերում այրվածքը պահանջում է անհապաղ մասնագիտական բուժօգնություն:

  • Տնային ջեռուցիչներն օգտագործեք նվազեցված ռեժիմով, ջուրը շատ մի՛ տաքացրեք:
  • Մի՛ թողեք փոքր երեխաներին առանց հսկողության լոգարանում, խոհանոցում կամ այն վայրերում, ուր միացված ջեռուցիչներ կան:
  • Սալօջախի վրա կաթսաների բռնակները դարձրեք այնպես, որ երեխաները չկարողանան դրանց հասնել:
  • Էլեկտրական սարքավորումների լարերը ծալեք կամ փաթաթեք:
  • գՔայքայիչ նյութերի սրվակների վրա ունեցեք նախազգուշական պիտակներ: Քիմիական նյութերը պահեք երեխաներից հեռու:
  • Զգույշ վարվեք կրակի հետ: Մի թողեք երեխաներին խաղալ լուցկու, գազայրիչների և կրակի այլ աղբյուրների հետ: Մի՛ ծխեք անկողնում: