Գլխավոր Նորություններ ԽՈՍՈՂ ՔԱՆԴԱԿՆԵՐ

ԽՈՍՈՂ ՔԱՆԴԱԿՆԵՐ

837
Տարածել

Զրույց քանդակագործ, անիմատոր Միհրան Հակոբյանի հետ

«… Անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում էԱյժմ, շատ տարիներ անց, աղջիկը վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է  թռչելգնալ հեռու՜հեռու՜, հատկապես անձրևոտ օրերինԵվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ…»:

Հատված Լեոնիդ Ենգիբարյանի «Անձրևանոցը» նովելից

«Արվեստանոցային» խոհեր

Ծննդավայրս Ստեփանակերտն է։ Ավարտել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժինը, ուսումս շարունակել Լեհաստանի Կոլեգիում Պոլոնիկում համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Հայրս՝ Արմեն Հակոբյանն էլ էր քանդակագործ. «Արցախ»-ը, «Սումգայիթ»-ը, «Ղարաբաղյան տրանսպորտ»-ը, «Թազբեհով ծերունին», «Հնձվորները» և շատ այլ քանդակներ նրա արարածն են։

Փոքր էի, երբ հայրս զոհվեց։ Արցախյան շարժման մասնակից էր, «Կռունկ» կոմիտեի հիմնադիրներից։ Շիտակ մարդ էր, հայրենասիրությունն իր համար ժամանակի թելադրանք չէր, այլ՝ հոգու կանչ, գիտակցված ընտրություն։

Իր գոյությամբ նա մատնանշեց իմ ուղին։ Պատերազմի տարիներին հորս արվեստանոցում ապակիներ չկային, դուռն էլ փայտյա էր։ Արտաքինից ներկել եմ, փոխել դուռը, ներսում դեռ նրա շունչն է ու տրամադրությունը։

Ես ու հայրս նման չենք, մեզ տարբեր մշակութային ժամանակներ են բաժին ընկել։ Թերևս նույնն է կապը նյութի հետ։ Ամեն նյութ իր լեզուն ունի, սահմանը, ինչպես մարդը, որը կարող է արարել միայն իր ապրած փորձի շրջանակում։ Հնարավոր չէ քարը «կռել» երևակայությամբ։ Երևակայությունն անսահման է, քարը՝ կոնկրետ, իսկ կոնկրետացումը միշտ աղքատեցնում է միտքը։ Քար, բրոնզ թե փայտ՝ տարբեր է քանդակի արարման ճանապարհը։ Լավ արվեստագետը նա է, որն իր զգացածը փոխանցում է քանդակին՝ զրույցի միջոցով։ Առանց զրույց չկա քանդակագործություն. դա լուռ, տիեզերական շփում է։

Արվեստի օգնությամբ գոյություն ունեցող բոլոր սահմանները հատելի են։ Այն ամենն, ինչ ինձ հետաքրքրում է կյանքում, դառնում է նաև ստեղծագործելու թեմա։ Երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք կշարունակեի քանդակել, եթե օրերից մի օր անմարդաբնակ կղզում հայտնվեի։ Պատասխանս բոլոր պարագաներում մեկն է. քանդակագործությունը ներքին պահանջ է։

Այսօր հասարակությունն ավելի շատ տեղ է տալիս կատարողներին, քան ստեղծագործողներին։ Քանդակը զվարճանք չէ, ինչպես փոփ երաժշտությունն ու կինոն։ Այն քրմության պես մի բան է, որը հասանելի է փոքրաթիվ մասսայի։ Վախենամ՝ կգա ժամանակ, երբ մարդիկ ընդհանրապես չեն հասկանա բարձր արվեստը, այն կանհետանա հեթանոսական գրերի նման։ Կրթությունն է միակ փրկությունը։

Ընդհանուր առմամբ աշխարհում արվեստի հանդեպ համատարած անտարբերություն կա։ Փոքրիկ Հայաստանում կերպարվեստն ավելի բարձր մակարդակում է, քան մյուս երկրներում։ Կուզեի իմ արվեստով փոխել մարդկանց գիտակցությունը, նրանց ավելի կամեցող դարձնել։ Ցավոք, հեշտ չէ։ Անհայտ մեկը երբեք միջազգային հարթակներում չի ցուցադրվում. ինչ արած, քաղաքականություն է։

Վիքիպեդիան՝ առանց սահմանների

2014-ին Սլուբիցե քաղաքի Կոլեգիում Պոլոնիկում համալսարանի ռեկտոր Քշիշտոֆ Վոյչեխովսկու առաջարկով գծեցի Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված հուշարձանի միակ էսքիզս՝ 1,7 մետրանոց լամինատե քանդակ, որում չորս տղամարդ գլխավերևում են պահում խորհրդանշական անավարտ գլոբուսը։ Գենդերային խնդիր չկար, սակայն կոմպոզիցիոն առումով հակասություն էր պետք։ Այդպիսով վերափոխեցի քանդակը երկու կնոջ և երկու տղամարդու կերպարով։

Նախագիծը ֆինանսավորեց քաղաքապետարանը։ Տեղացիները բողոքում էին՝ արդյոք տեղին է մոտ 12 հզր եվրո ծախսել քանդակի վրա, այն դեպքում, երբ շենքերի տանիքները կաթում են։

Վոյչեխովսկու համար այս ամենը փիլիսոփայություն էր, հայրենասիրական մոտիվ, քանի որ լեհ խմբագիրներն այն ժամանակ հոդվածների քանակով երրորդ տեղում էին։

Հուշարձանին հարյուրավոր լրատվամիջոցներ անդրադարձան։ Թեև ինֆորմացիոն ազատության պատճառով Վիքիպեդիան թերի է, սակայն այն միակ գործիքն է, որ գիտություն է տարածում՝ առանց կրոնական, ռասայական կամ մշակութային խտրականության։

Արվեստը՝ նոր կյանքի սկիզբ

Անիմացիան միշտ հետաքրքրել է ինձ։ Սովետական և Դիսնեյի մուլտֆիլմերը մինչ օրս հաճույքով են դիտում։ Երազում էի, որ քանդակներս շարժվեն։

Անիմացիան կենդանացնում է այն, ինչ դրել եմ քանդակի մեջ։ Գույնն ու հստակ շարժումները երկրորդական են, միտքն է կարևոր։

Տանը մի գիրք ունեի՝ Լեոնիդ Ենգիբարյանի նովելները։ Ենգիբարյանն ապրում էր իմ մեջ։ Տարիներ առաջ «Անձրևանոցը» ֆիլմը Մոսկվայի Short Film Fund մրցույթում հանդիսատեսի մրցանակի արժանացավ։ Այն նախատեսված էր թե՛ պրոֆեսիանալ, թե՛ սիրողական կատեգորիաների համար։ Համաձայնե՛ք՝ որքան հեշտությամբ ենք մեր օրերում կուլ գնում նյութական արժեքներին, որոնք իրապես արժեք չունեն։ Ծիծաղելի է։

Մյուս անիմացիոն ֆիլմս «Ճանապարհն» է՝ գրված Դանթեի «Աստվածային կատակերգության» մոտիվներով։ Երբ ավարտվում են անդրշիրիմյան աշխարհի երկու տիրույթները՝ դժոխքն ու քավարանը, գալիս է վերջին կանգառը։ Արվեստն է՝ դրախտի միակ ճանապարհը։ Պաթետիկ է հնչում, բայց արվեստը հենք է հետագա արարման, կյանքի։ Հայերս՝ պատերազմ տեսած այս ժողովուրդը, դրա ուժը լավ գիտենք։

 

Տեղեկանք

Միհրան Հակոբյանը հեղինակ է «Սկիզբ», «Փոթորիկ», «Դիմաքանդակ», «Անհաղթը», «Ծաղիկներ» և այլ քանդակների, անիմացիոն ֆիլմերի։

Մասնակցել է միջազգային սիմպոզիումների։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

ԿլոձկոԵրևան տեսակամուրջ