Գլխավոր Նորություններ ԴԱՅԱԿ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

ԴԱՅԱԿ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

1078
Տարածել

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը, որոնք ցանկանում են աշխատանքի վերադառնալ, այսուհետ կարող են դայակ վարձել՝ պետությունից ստանալով փոխհատուցում մինչև երեխայի երկու տարին լրանալը։ Դա նշանակում է, որ աշխատող մայրերին այլևս չի վճարվի ամսական 18 հազար դրամ նպաստը, որը տրվում է երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Փոխարենը պետությունը գումար կտրամադրի դայակի ծառայության դիմաց։ «Պետությունը վճարելու է  դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը: Այսինքն՝ եթե դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարում է ծնողը»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Հասանելիք գումարը տրամադրվելու է միայն դայակի և ծնողի միջև համապատասխան պայմանագրի առկայության դեպքում։ Օրենքի նախագիծը հավասար հնարավորություններ է տալիս նաև ընտանիքի անդամներին, օրինակ՝ սկեսրոջը, եթե առկա է դայակի վարձու աշխատանքի վերաբերյալ ձևակերպում։

Նախագիծը միանշանակ արձագանք չի ստացել ոլորտի մասնագետների շրջանում։ Դայակի ծառայություն մատուցող հարկատու գործակալությունները, որոնք դայակների հետ պայմանագրային հիմունքներով են աշխատում, որևէ խնդիր չեն տեսնում։ Այլ է անհատ դայակների տեսակետը։ Շատերի կարծիքով՝ սա ընդամենը քայլ է «որսալու» և հարկային դաշտ մտցնելու դայակներին, որոնք կազմակերպությունների և գործակալությունների աշխատակիցներ չեն համարվում։

 

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ