Գլխավոր Նորություններ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

844
Տարածել

Որևէ բան հասկանալու հույսն առաջանում է միայն Ամբողջը Ոլորտների բաժանելով ու առանձին քննելով: Խնդիրը նույնիսկ հեշտությունն ու դժվարությունը չեն, այլ հնարավորությունն ու անհնարինությունը:

Այսպես. գյուղատնտեսություն, գրականություն, առաջավոր տեխնոլոգիաներ, սեր-ատելություն, ֆուտբոլ… Կյանքը սրանց գումարն է, ավելի ստույգ, «կյանքը ստանալու» համար այս ամենը պետք է գումարել իրար, անհրաժեշտության դեպքում ինչ-որ բաներ խնամքով հանել, որոշները բազմապատկել կամ բաժանել… և կյանքը պատրաստ է:

Այսպիսի տպավորություն ծագում է այն պատճառով, որ փոխազդեցության մասին միտքը գրեթե յուրաքանչյուրի սեփականությունն է: Հներն իմացել են (չինացին, հույնը, հռովմայեցին), իմացածը մեծահոգաբար փոխանցել են սերունդներին, փոխանցածը բարեհաջող տեղ է հասել. Ամենայնը հենց փոխազդեցությունն է որ կա:

Այդուհանդերձ, այսպիսի Ամենայնից կամ, գուցե, Ամենայնի այսպիսի զննումից տիեզերական մի անտանելի սառնություն է փչում…

Մարդը կարող է ԴԱՏԱՐԿԵԼ, մարդը կարող է ԼՑՆԵԼ. իրեն տրված շնորհով՝ իր բառով, իր գույնով, իր հոգով:

Եվ մարդը գտնում է ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ բառը:

Ամեն ինչ փոխվում է: Պատկերը սկսում է շնչել: Փոխազդեցությունը բնորոշ հատկանիշ է, պարզապես գոյելու պայման, իսկ փոխադարձությունը՝ ՋԱՆՔ, որը կարող է փոխել գոյության որակները:

Փոխադարձությունը միաժամանակ և՛ ՄՐՐԻԿ է, և ամենաանլսելի ՇՇՈՒԿ: Զգացումի հարց չէ, ոչ էլ՝ ճաշակի ու հոգեվիճակի, հատկապես՝ անվանելու ունակության աստիճանի… Ընդհակառակը՝ սրա երևալ-չերևալն է առաջ բերում զգացում, ճաշակ, հոգեվիճակ և այլն: Այնքան որ իրական է իր աներևութականության մեջ. իր երևույթը ամբողջականությունն է:

Այլ կերպ՝ Փոխադարձությունը սկզբունք է, բայց ոչ հաստատուն մեծություն: Այսինքն՝ ամենից քիչ է նման քարի՝ ի տարբերություն ԱՆՎՐԴՈՎ, եթե կուզեք՝ ԱՆՏԱՐԲԵՐ, փոխազդեցության:

Որքան էլ ասենք՝ կյանքը միշտ նույնն է, պետք է ընդունենք, որ խոսքն այստեղ կարող է վերաբերել փոխադարձողներին, բայց ոչ՝ բուն փոխադարձությանը:

Ավելի պարզ՝ մարդն, այո, չի փոխվում, փոխվողը մարդու ջանքը կարող է լինել, որն իր հերթին արդեն…

Եվ վերջապես, փոքրիկ տեքստային տարածքում խնդրին առավելագույնս մոտեցնող մեկ-երկու պարբերություն. փոխազդեցությունն ամենուր է, անպայմանական, իսկ փոխադարձությունը՝ ընտրովի:

Ընդ որում՝ արարչական կարիքների ոլորտում փոխադարձելը նույն ՋԱՆՔԸ պահանջում է, բայց ավերումի ոլորտում պարտադիր չէ: Այստեղ այդ երկու հասկացությունները՝ փոխադարձումն ու փոխազդումը նույնանում են: Այսինքն՝ եթե ատելության մեջ ես, փոխազդելու կամ փոխադարձելու ես ակամա, որովհետև ավերումը ինքնաբերություն է, իսկ սիրո, ասենք, ստեղծանումի կամ ազատ ճախրանքի փոխադարձումը կենսական ջանք է՝ պարտականության գիտակցումի լուսապսակով:

Եվ՝ ամենազարմանալին. այս ամենը (պարտադիր չէ, որ հենց մտքի տեսքով), որպես, ասենք թե, ոգեղեն բնապատկեր, «գրված» կա մարդու ցանցաթաղանթին: Մարդը, իսկն ասած, հենց այդ բնապատկերում էլ բնակվում է: Այդ բնապատկերն է մարդու Ոլորտը:

Դա է պատճառը, որ Փոխադարձությունը, հատկապես՝ արարչականը, պարտադիր է դառնում (այլապես ապրելու ոլորտը կբացակայի), կամ՝ պարտադիր է եղել միշտ, անկախ նրանից, թե դեպի ուր է ուղղված. դեպի Այլ մարդ, դեպի տնամերձ հողամաս, թե՞ դեպի Հայրենիք: