Գլխավոր Նորություններ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

816
Տարածել

Քաղաքացիական պաշտպանության հիմնահարց

Ազգային անվտանգության հայեցակարգերում այժմ մեծ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաներին (ՏՏ), որպես նորագույն ռազմական սպառնալիք: Առաջին անգամ ՏՏ-ը ռազմական նպատակներով կիրառվել է 1990-1991 թթ. Պարսից ծոցի պատերազմում «Մրրիկ անապատում» ռազմական գործողության ժամանակ, երբ ամերիկյան զինուժի օգնությամբ ջախջախվեցին իրաքյան զորքերը և ազատագրվեց Քուվեյթը: Այդ ժամանակ ՏՏ համակարգի միջոցով արգելափակվեց Իրաքի հակաօդային պաշտպանությունը, ինչի արդյունքում Սադամ Հուսեյնի գլխավորած իրաքյան բանակն անպատասխան թողեց երկրի տարածքի ռմբահարումը:

Այս պատերազմից առաջ ՏՏ-ի կիրառմամբ նման գործողություն ԱՄՆ-ը իրականացրել էր 1983-ին Կարիբյան ավազանի հարավ-արևելքում գտնվող Գրենադա կղզի-պետության դեմ: Պենտագոնի մշակած «Զայրույթի պոռթկում» անվամբ այս գործողության արդյունքում ամերիկյան ցամաքային ուժերը ՄԱԿ-ի խնդրանքով ներխուժեցին Գրենադա՝ նպատակ ունենալով պաշտպանել ամերիկյան քաղաքացիների իրավունքները, վերականգնել այդ երկրի կայունությունը: Արդյունքում տապալվեց Գրենադայի կառավարությունը, իսկ նրա ղեկավար Մորիս Բիշոպը մահապատժի ենթարկվեց: Այս պատերազմում հետաքրքիրն այն է, որ Պենտագոնը ներխուժումից առաջ կղզու բնակչությունը բաժանել էր 20 սոցիալական խմբերի և նրանց նկատմամբ իրականացնում էր նպատակային հոգեբանական ճնշում: Մասնավորապես՝ հեռախոսազանգերով Գրենադայի զինվորականներին առաջարկում էին գերի հանձնվել, համակարգչային ցանցերով սպառնալից հաղորդագրություններ էին ուղարկվում կառավարության անդամներին և այլն: Բայց գործողության իրականացման ժամանակ առաջացան բարդություններ: Պարզվեց, որ այդ ժամանակ Գրենադայում էր Կուբայից ժամանած շինարարների մի խումբ, որը զինված դիմադրություն ցույց տվեց մի քանի օր, և դա միակ թերացումը չէր ԱՄՆ-ի զինված ուժերի համար:

Պենտագոնի մշակած տեղեկատվական պատերազմների հայեցակարգը ձևավորվել է 1990-ականներին: ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի նախագահի տեղակալ Ուիլյամ Օուենսի խոսքով՝ դա կլինի ԱՄՆ-ի ներդրումը ռազմական գործում: ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության համոզմամբ՝ հասարակության զարգացմանը զուգընթաց անկասելիորեն աճելու է տեղեկատվական պատերազմների նշանակությունը:

Վրաց-օսական պատերազմի ժամանակ ՌԴ զինուժը թեժացրել էր նաև տեղեկատվական հակամարտությունը:

Ըստ համաշխարհային մամուլի տվյալների՝ ՏՏ-ի կիրառությունը պատերազմական նպատակներով մեծ զարգացում է ապրում Ճապոնիայում, Չինաստանում, Իսրայելում և զարգացած այլ երկրներում:

Դեռևս 1994-ին ԱՄՆ-ի անվտանգության միացյալ հանձնաժողովը «տասնամյակի ու հնարավոր է՝ նաև հաջորդ դարի անվտանգության հիմնական խնդիրը» համարեց տեղեկատվական պատերազմներից երկրի խոցելիության նվազեցումը: Այդ կապակցությամբ այսօր էլ ամերիկյան փորձագետները հրատապ անհրաժեշտություն են համարում հատուկ ուշադրություն դարձնել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական տեղեկատվական համակարգերին, որոնք կարևորագույն նշանակություն ունեն պետական կառույցների բնականոն գործունեության համար:

Այս տարի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդես եկավ երկրում տեղեկատվական գործողությունների զորքերի կազմավորման մասին հայտարարությամբ, ինչը նպատակ ունի ապահովելու տեղեկատվական անվտանգությունը: Տեղեկատվական գործողությունների զորքերը, ի դեպ, գլխավորում է այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարության գեներալներից մեկը:

Պետական անվտանգության ապահովումը բաղկացած է մի քանի համակարգված ուղղություններից.

գ պետական սահմանների պաշտպանություն տեղեկատվական-հաղորդակցային համակարգերի կիրառմամբ,

գ վաղ հայտնաբերման տեղեկատվական համակարգերի ակտիվ կիրառություն ժամանակակից պատերազմներում,

գ տեղեկատվական-հոգեբանական գործողություններ թշնամու թիկունքում,

գ ապատեղեկատվության միտումնավոր արտահոսք,

գ կիբեռհաքերային հարձակումներ՝ տեղեկատվական համակարգերի արգելափակում,

գ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աշխատանքի խափանում,

գ տեղեկատվության կոդավորում և ապակոդավորում:

Վերը նշված ուղղությունները տեղեկատվական անվտանգության հիմնական յոթ տարրերն են, որոնք կարող են կիրառվել նաև համալիր ձևով՝ առաջացնելով տեղեկատվական խաթարումներ ինչպես ռազմական, այնպես էլ սոցիալ-տնտեսական համակարգերում, ինչը կարող է կաթվածահար անել ցանկացած երկրի բնականոն կյանքը:

Կարևորելով ՏՏ-ի զարգացումն ազգային անվտանգության և առանձնապես քաղաքացիական պաշտպանության բնագավառում՝ հրատապ անհրաժեշտություն է դառնում տեղեկատվական անվտանգության աուդիտի իրականացումը:

Ժամանակակից պայմաններում զինված հակամարտությունները կարող են ծագել արագ և շեշտակի զարգանալ՝ առանց համապատասխան «սպառնացող փուլի», որն անհրաժեշտ է ներքին միջոցների ակտիվացման՝ զորահավաքի համար: Նման արագընթաց զարգացումները պահանջում են օպտիմալ որոշումների ընդունման պատրաստի և փորձարկված ամբողջական գործողությունների վաղօրոք մշակում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հրատապ կիրառում:

Հաքերային անդրսահմանային հարձակումների մասին այս տարվա մայիսին «Կասպերսկու լաբորատորիան» գրանցել է 45 000 հարձակումներ 74 երկրներում: Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հաղորդման՝ չարագործներն օգտագործել են ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության հատուկ հետախուզական ծրագրային գործիքները՝ վնասելով Մեծ Բրիտանիայի բժշկական ծրագրային համակարգը, ինչը կարող է վտանգ սպառնալ բազմաթիվ հիվանդների համար: Ճիշտ է, Թերեզա Մեյը հերքում է նման հարձակումը, բայց փաստ է՝ հարձակումն իրողություն է:

Աշխարհում մեծ թափ են ստանում կիբեռհանցագործությունները, ինչը ստիպում է մի շարք երկրների իրավասու կառույցներին համախմբվել կիբեռհարձակումների դեմ պայքարում: Այսօր ռազմական գործում առաջնահերթ կիրառություն ունեն անօդաչու թռչող սարքերը, կիբեռհարձակումները: Վտանգն այնքան է զորացել, որ ՄԱԿ-ը կոչ է անում ինտերնետն օգտագործել միայն խաղաղ նպատակներով և մեծ աշխատանք է իրականացնում կիբեռհանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով:

Հարցը հատկապես հրատապ է Հայաստանի համար: Արդեն երկար տարիներ մեր երկիրը տեղեկատվական պատերազմի մեջ է հարևան երկրի հետ, և այս առումով կարևորվում է օրենսդրական դաշտի կատարելագործումը ՏՏ անվտանգության բնագավառում:

Բայց սա արդեն առանձին թեմա է, որը նույնպես կապված է ազգային անվտանգության հետ: