Գլխավոր Միջոցառումներ PPRD East-3. «DesInventar Sendai» վերապատրաստման դասընթաց Երեւանում

PPRD East-3. «DesInventar Sendai» վերապատրաստման դասընթաց Երեւանում

276
Տարածել

Մարտի 5-6-ը Երեւանում անցկացվեց «DesInventar Sendai» տեխնիկական վերապատրաստման դասընթաց, որի շրջանակում ներկայացվեց DesInventar Sendai աղետների տեղեկատվական կառավարման համակարգը: Նպատակն էր ամրապնդել աղետների կորստի տվյալների, աղետների ռիսկի կառավարողների եւ տեխնիկական անձնակազմի կարողությունները տվյալների հաշվառման, գնահատման եւ վերլուծության գործում։ Դասընթացը կազմակերպվում է Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում»` PPRD East ծրագրի երրորդ փուլի շրջանակում։ PPRD East-ն առաջատար նախաձեռնություն է, որի նպատակն է ուժեղացնել աղետների ռիսկի նվազեցումը եւ ճգնաժամերի կառավարումը Արեւելյան գործընկերության երկրներում եւ խթանել տարածաշրջանային համագործակցությունը ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի հետ:

Երեւանում անցկացվող դասընթացին մասնակցում էին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկերի նվազեցման վարչության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ոլորտային մասնագետներ, ներկայացուցիչներ ՆԳՆ Միջազգային համագործակցության վարչությունից, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամից, որոնք զբաղվում են տարբեր տեսակի եւ մասշտաբի արտակարգ իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ, գրանցմամբ եւ այդ իրադարձությունների հետեւանքների գնահատմամբ։ Դասընթացին ներկա էին նաեւ ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի ավարտական կուրսերի ուսանողներ։ Բանախոսեցին ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, աջակցող մասնագետ Ջուն Սեոն, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգող, ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, Շրջակա միջավայրի մոնիթորինգի միջազգային կենտրոնի CIMA հետազոտական հիմնադրամի կոորդինատոր, հետազոտող Տատյանա Բեդրինան։

«Հայաստանի հետ մենք կայուն համագործակցություն ենք ստեղծել։ «DesInventar Sendai» ծրագիրը կարեւորագույն համակարգ է, որը թույլ է տալիս ոչ միայն կառավարել տվյալները, այլեւ վերուծել ռիսկերն ու դրանց հիման վրա որոշումներ կայացնել։ Այս դասընթացը կբարելավի ձեր գիտելիքը տվյալների ու ռիսկերի կառավարման մասով, ինչպես նաեւ ձեզ մասնակից կդարձնի մեր հետագա նախաձեռնություններին»,- ասաց Ջուն Սեոն:

Նա խոսեց նաեւ Սենդայի գործողությունների ծրագրի գերակա ուղղությունների եւ Սենդայի մոնիթորինգի շրջանակում «DesInventar Sendai» համակարգի նշանակության մասին։ Հայաստանում «DesInventar Sendai»-ի ներդրումը ենթադրում է մի քանի միջանկյալ փուլ, որի ընթացքում Սենդայի գնահատող խումբն ուսումնասիրելու է կատարված աշխատանքի առաջընթացը։

Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը նշեց՝ «DesInventar Sendai»-ը տարիների փորձով հաջողված ծրագիր է, որը կիրառվում է շատ երկրներում։ Կորուստների հաշվառումն աղետների ռիսկի նվազեցման եւ ռիսկերի իմացության հզոր գործիք է: Այս համակարգը համահունչ է աղետների ռիսկի նվազեցման Sendai շրջանակին։ «Մարդկանց մոտ թյուրըմբռնում կա, որ Սենդայի գործողությունների ծրագիրը միայն բնական ու տարերային աղետներին է վերաբերվում։ Շատ կարեւոր է հասկանալ, որ այս ծրագիրն ավելի ամբողջական է ու համապարփակ։ Ուստի մենք պետք է օգտագործենք մեր բոլոր կապերը՝ ազգայինից մինչեւ տեղական մակարդակ, համագործակցենք միջազգային կառույցների հետ, որպեսզի համատեղենք մեր ջանքերն աղետների ռիսկի նվազեցման գործում»,- ասաց Արմինե Հայրապետյանը։

Վերջինս ներկայացրեց նաեւ Ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության եւ ՃԿՊԱ-ի հետ համագործակցող առանցքային՝ UNDRR, UNECE, UNDP, EUCP եւ այլ կառույցների գործառույթները, տվյալների հավաքագրման լիազոր մարմինների աշխատանքը, տվյալների բազայի ամբողջականացման հետ կապված խնդիրները, ինտերակտիվ քարտեզներ եւ ինֆոգրաֆիկաներ մշակելու անհրաժեշտությունը եւ այլն։

Մեծ խնդիր կա համայնքներից ճշգրիտ տվյալների հավաքագրման առումով՝ հավելեց Արմինե Հայրապետյանն ու հույս հայտնեց, որ CIMA հետազոտական հիմնադրամը կօգնի համայնքային ԱՌՆ հարցաշարերի լավագույն բովանդակության մշակման հարցում։ Իսկ ՃԿՊԱ-ն կստանձնի DesInventar Sendai աղետների տեղեկատվական կառավարման համակարգում տվյալների մուտքագրման, արխիվացման, օգտագործման հարցում մասնագետների եւ բոլոր գործընկերների ուսուցումը։

Երկօրյա դասընթացի շրջանակում մասնակիցները կատարեցին պրակտիկ աշխատանք՝ տվյալների հարցում, դիտում, վերլուծում, մուտքագրում, ինչպես նաեւ ուսումնասիրեցին գծագրեր ու թեմատիկ քարտեզներ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ