Գլխավոր Վերլուծություն Հրշեջ լինելու համար ռոմանտիզմ է պետք. դրվագներ՝ փրկարար-բանաստեղծի կյանքից

Հրշեջ լինելու համար ռոմանտիզմ է պետք. դրվագներ՝ փրկարար-բանաստեղծի կյանքից

711
Տարածել

Տասնյակ տարիներ են անցել Գյումրի-Վանաձոր էլեկտրագնացքի հրդեհից, սակայն ականատեսներից շատերն են հիշում վանաձորցի դպրոցական տղային, որը հրկիզվող վագոնում կրակմարիչով հրդեհաշիջում էր կատարում։

20 տարի իր կյանքը փրկարար ծառայությանը նվիրելուց հետո Հայկազ Քոթանջյանը վայր է դրել փողրակն ու վերցրել գրիչը։ Շուտով լույս կտեսնեն բանաստեղծի նոր՝ «Ինքնազրույց» եւ «Գրչամարտ» ժողովածուները, որոնք ներառում են վերջին 24 տարում արվեստագետի խոհափիլիսոփայական, հայրենասիրական, սիրային եւ այլ ստեղծագործություններ։ Մեր զրույցը փրկարար ծառայության փոխգնդապետ, մանկավարժ Հայկազ Քոթանջյանի՝ ՀայՔ-ի հետ նաեւ գրականության մասին է:

-Պարո՛ն Քոթանջյան, ինչպե՞ս ծնվեց սերը դեպի գրականությունը։ Արդյո՞ք դժվար չէր ստեղծագործ մարդու համար աշխատել հրշեջ-փրկարար ծառայությունում։ Խնդրում եմ, պատմե՛ք Ձեր մասնագիտական ուղու մասին։

-Ես տան փոքրն էի՝ չորրորդ երեխան։ Հայրս միշտ հավաքում էր մեզ իր շուրջն ու կարդում Թումանյան: Հատկապես տպավորիչ էր Գիքորի պատմությունը։ Զգացմունքայնությունը, հուզականությունը հենց այդ տարիներից առաջացան։ Դպրոցում ուսումնասիրեցի մեր գրողներին, գրականության հանդեպ սերս ավելի մեծացավ։ Փոքր տարիքում արկածային գրականություն էի սիրում, հասուն տարիքում՝ ավելի հասուն գրքեր։

Մինչեւ հրշեջ դառնալը փականագործ էի աշխատում, հետո որոշեցի մասնագիտությունս փոխել։ Հրշեջ ծառայությունը դեռ այն ժամանակ հարգված ու համակրելի աշխատանք էր։ Ես էլ, լինելով էությամբ արկածախնդիր ու մի քիչ ռոմանտիկ (իսկ հրշեջ լինելու համար նաեւ ռոմանտիզմ է պետք, ոչ ոք հենց այնպես հրշեջ չի դառնում), հրշեջ ընկերոջս խորհրդով դիմեցի։

1987 թվականին ծառայությունս սկսվեց Վանաձորի քիմիական գործարանի հատուկ հրշեջ խմբում՝ տեսուչ էի: Այնուհետեւ ինձ առաջարկեցին Վանաձորի մանրաթելերի գործարանի հրշեջ խմբի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ցանկացա ավելի զարգացնել իմ հնարավորությունները եւ ընդունվեցի Մոսկվայի բարձրագույն ինժեներահրդեհատեխնիկական դպրոց, որն այդ ժամանակ ակադեմիայի մակարդակ ուներ։ Նորանկախ Հայաստանում խնդիրները շատ էին, արտերկրում սովորող հայ ուսանողների ֆինանսավորումը դադարեցվեց, եւ ստիպված վերադարձա հայրենի քաղաք Վանաձոր, ավարտեցի Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը։ Այդ ընթացքում նշանակվեցի Վանաձորի քիմգործարանի հրշեջ-ծառայության պետ, իսկ խմբի լուծարումից հետո՝ մարզային փրկարար ծառայության շտաբի պետ եւ վարչության պետի տեղակալ։ Կենսաթոշակի անցնելուց հետո սկսեցի գրել։

-Ենթադրում եմ, որ ներգրավված եք եղել Սպիտակի երկրաշարժից հետո որոնողական եւ վերականգնողական աշխատանքներում։ Ի՞նչ խնդիրներ կային այդ ժամանակ եւ արդյո՞ք երկրաշարժից 34 տարի անց մենք ունենք բավարար ռեսուրս ու գիտելիք նման աղետներին դիմակայելու համար։

— Երկրաշարժից հետո ես եղել եմ փրկարարական աշխատանքների «էպիկենտրոնում»։ Վանաձորում մի քանի թաղամաս հիմնովին եւ մասնակի փլուզվել էր։ Մենք 9-րդ հրշեջ խումբն էինք, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ծանր օրեր էին։ Գիշեր-ցերեկ մոռացել էինք, տուն գնալ չկար։ Բոլորն օգնում էին, ինչով կարող էին։ Բայց աշխատանքի համակարգում կենտրոնական մակարդակով չկար։

Երբ հրշեջ-ծառայությունը դարձավ փրկարար ծառայություն, կատարելագործվեց անձնակազմը, պատրաստությունը, տեխնիկան։ Ինչ խոսք, այսօր ավելի գրագետ ենք եւ կարող ենք ցանկացած աղետի դեպքում մեր առջեւ դրված առաջադրանքները կատարել։

-Վերադառնանք գրականությանը։ Ինչի՞ մասին եք գրում, ո՞վքեր են Ձեր ընթերցողները։ Ինչու՞ հենց պոեզիա։

-Պոեզիայի անհրաժեշտությունը գալիս է վերեւից, նախախնամությունն էր այդպես պահանջում։ Լինում է, երբ մի միտք ես ունենում, որը ստիպում է քեզ իրեն կուլմինացիա ու ավարտ տալ, ժանգոտ մեխի պես տանջում է, մինչեւ չհանձնես թղթին։ Ես երբեք չեմ պատկերացրել, որ պոետ կդառնամ։ Հիմա էլ չեմ համարում ինձ պոետ, ուղղակի գրում եմ… ասում են՝ լավ է ստացվում: Այսօրվա պես հիշում եմ առաջին պոետիկ հանգավորված բանաստեղծությունս, որն, ի դեպ, ռուսերեն էր։ Սիրո եւ սիրո իմաստի մասին էր։

Գրելուս պատճառն այն է, որ չեմ կարող չգրել։ Առաջին հերթին գրում եմ ինձ համար, եւ շատ հաճելի է, երբ գրածս դուր է գալիս մեկին, պետք է գալիս մեկին։ Գրում եմ ժամանակի ոգով, ժամանակի պահանջով։ Առաջին գիրքս՝ «Թախիծն իմ թուջե», լույս է տեսել 2019 թվականին։ Դրանից հետո շատ բան է փոխվել ներսումս, ինչն արտահայտել եմ իմ նոր գրքերում։ Օրինակ՝ «Ինքնազրույց»-ում ես, հայելու դիմաց նստած, զրուցում եմ ինքս ինձ հետ։ Իմ երկրորդ «Ես»-ը քննադատում է առաջինին զգացմունքային եւ խոհական լինելու համար։ Նա էլ պատասխանում է, որ Արարիչն իրեն այդպես է ստեղծել։

— Մի միտք ունեք, որ մարդու կարդացած ամեն գիրքը կարող է փոխել պաշտոնն ու դիրքը։ Ո՞ր գիրքն է Ձեզ փոխել։ Այսօր մեկ այլ խնդիր կա՝ երիտասարդությունը հիմնականում թարգմանական գրականություն է նախընտրում, լավ գովազդված արտասահմանյան գրքեր, սակայն հայ ժամանակակիցներին չի ճանաչում։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։

-Հասուն տարիքում իմ կարդացած լավագույն գիրքը Ռեմարկի «Հաղթական կամար»-ն էր, ամենատպավորիչ գրքերից մեկը, որում նկարագրվում է պատերազմի ողջ էությունը։

Մեր հայ ազգը բնավորության ընդգծված գիծ ունի՝ օտարին ընդօրինակելը, ինչի արդյունքում, իհարկե ոչ միշտ, տուժում է մեր ավանդականը, հայկականը։ Որպես խորհուրդ՝ թող շատ կարդան ցանկացած գրականություն, բայց կարեւորեն նաեւ մեր ստեղծածը։ Եվ հնարավորինս ոչ միայն սպունգի պես կլանեն, այլեւ մատուցեն իրենց կարդացածը դիմացինին։

-Անդրադառնանք ժամանակակից գրականությանը։ Ամեն շրջան իր մոտեցումներն է թելադրում, եւ այդ ֆոնին այսօր ցավալի հարց է առաջացել՝ հայերենի աղավաղումը։ Այս առիթով կարեւոր ուղերձ ունեք «Հայերենն իմ լեզուն է, մտքերս հայերեն են»։ Դուք լեզուն նմանեցրել եք աղոթքի։ Ձեր կարծիքով, ի՞նչ է պետք անել՝ լեզուն պահպանելու համար։ Կարծես թե, այսօր ձեւն ավելի առաջնային է դարձել, քան բովանդակությունը:

-Բերեմ պոեզիայի օրինակը։ Առաջ ժողովրդի լեզվով ասում էին՝ ոտանավոր։ Այսինքն՝ ոտքը ոտքի հետ պիտի համընկներ, լիներ հանգավորում։ Այսօր ամեն ինչ առանց հանգի է դարձել։ Եթե ասելիքդ չունի խորություն, փիլիսոփայություն, դու ընթերցողին ոչ մի նոր բան չես տալիս, ուրեմն պարզապես խլում ես նրա ժամանակը։

Ինչ վերաբերում է լեզվին՝ ապա մարդուն ձեւավորում են իր ստացած կրթությունը, մշակույթը, արվեստը։ Մարդը բազմաշերտ է, բայց նրա գլխում միշտ գերակշիռ մաս պիտի լինի մայրենին։

-Իսկ ի՞նչն է օգնել Ձեր՝ որպես մարդ ձեւավորմանը։

-Շատ հանգամանքներ, շատ մարդիկ, ծնողներս, ուսուցիչներս… Հատկապես վառ տպավորություն է թողել էրզրումցի Շուշան տատս, որն Արաքսն անցնելիս կորցրել էր եղբորը եւ մինչեւ մահ հույս ուներ, որ նա Ամերիկայի որբանոցներից մեկում փրկվել է։

Այնքան ցավ ու կորուստ էր տեսել, բայց չէր մոռացել Աստծուն։ Փոքր ժամանակից ձեռքս բռնած եկեղեցի էր տանում․ նրա շնորհիվ եմ շարունակում հավատալ ու լավատես լինել։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հայկազ Քոթանջյանը