Գլխավոր Միջոցառումներ «Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» խաղ-վիկտորինա Երեւանի Նիկոլայ Գոգոլի անվան դպրոցում

«Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» խաղ-վիկտորինա Երեւանի Նիկոլայ Գոգոլի անվան դպրոցում

262
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի համաձայն, այսօր Երեւանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում անցկացվեց «Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» խաղ-վիկտորինա, որին մասնակցում էր 7-րդ դասարանցիների 4 թիմ՝ հինգական խաղացողով՝ «Ամենագետներ», «Արծիվներ», «5 աստղ», «Լավագույններ»: Մրցավարներն էին դպրոցի տնօրեն Տաթեւիկ Եսայանը, փոխտնօրեն Հրանուշ Ղազարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սերոբ Դարբինյանը, տեղակալ Աիդա Ավետիսյանը, գլխավոր մասնագետ Հայկանուշ Եսայանը: Մրցույթի թեման երկրաշարժն էր: Տարեկան նման ավելի քան 10 խաղ-վիկտորինա է կազմակերպվում մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցներում:

Դպրոցի տնօրեն Տաթեւիկ Եսայանի խոսքով, աղետների ռիսկի նվազեցման հարցերը ուշադրության կենտրոնում են, դպրոցն ունի տարհանման պլան, շենքի տարբեր հատվածներում տեղադրված են կրակմարիչներ, պարբերաբար իրականացվում են տարհանման վարժանքներ, հանդիպումներ մասնագետների հետ, աղետների ռիսկի նվազեցման թեմայով բաց դասեր: Մոտ 1600 աշակերտ եւ ավելի քան 100 աշխատակից ունեցող դպրոցում վերջին ուսումնական տագնապ-տարհանումն արվել է անցած շաբաթ: Տնօրենը վստահ է, որ խաղ-վիկտորինայի միջոցով փոխանցված գիտելիքը ավելի խորը նստվածք է տալու: Եվ ի հավելումն, նոր բան սովորած երեխան գիտելիք է փոխանցելու ծնողին:

Փոխտնօրեն Հրանուշ Ղազարյանը մասնակցել է «Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» վիկտորինայի նախապատրաստման ողջ ընթացքին եւ արձանագրել է, որ երեխաները ոգեւորությամբ են ընդունել աղետների ռիսկի նվազեցման թեմայով խաղ-վիկտորինայի մասնակցելու առաջարկը:

Ոգեւորությունը երեւում էր հենց խաղի ժամանակ: Մինչ թիմերը ակտիվ քննարկումներով հարցերի լուծումներն էին փնտրում, նրանց համադասարանցիները դահլիճում էին ակտիվ երկրպագում իրենց դասընկերներին:

Խաղը սկսվեց փրկարարին նվիրված «Կօգնենք, 911» երգով, իսկ աշակերտներին ուղղված հարցերը բազմազան էին՝ «Ի՞նչպես են առաջանում տեկտոնական երկրաշարժերը», «Ի՞նչպիսին է երկրագնդի պարզ կառուցվածքը», «Ի՞նչ կանենք, եթե երկրաշարժի ժամանակ բակում եք», «Ե՞րբ է բնական երեւույթը վերածվում աղետի», «Քանի՞ տեսակի սեյսմիկ ալիք կա», «Ո՞ր մայրցամաքում երկրաշարժ չի լինում», «Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերը» եւ այլն:

Հաղթեց «Ամենագետներ» թիմը՝ Դավիթ, Էդգար, Մանե, Էլեն, Լենա: Բոլոր թիմերին հարցերը տրվել էին նախապես, բոլորը պատրաստվելու համար նույնչափ ժամանակ են ունեցել, ո՞րն էր ձեր հաջողության հիմքը, մեր այս հարցին ի պատասխան, չեմպիոններն ասացին՝ թիմային աշխատանքը, իրար օգնելն ու իրար հետ խնդիրները լուծելը: Աղետներին դիմակայելու գիտելիք ստանալուց հետո, սա թերեւս «Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» վիկտորինայի գլխավոր ձեռբերումն էր՝ եթե ուզում ես հաջողություններ ունենալ, պիտի թիմով աշխատես՝ օգնես եւ օգնություն ստանաս, սովորես եւ սովորեցնես:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի