Գլխավոր Ուսուցողական նյութեր Հրդեհը նկարչության մեջ. 4 հայտնի կտավի պատմություն

Հրդեհը նկարչության մեջ. 4 հայտնի կտավի պատմություն

229
Տարածել

Մարդկությունն իր ողջ էվոլյուցիայի ընթացքում ուսումնասիրում է տարերային աղետները: Բնանկարչությունն այս առումով անժամանակ է. այն շոշափելի է դարձնում հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի եւ այլ երեւույթների ողջ դրամատուրգիան:

Ահա թե ինչպես են տարբեր «իզմ»-երի հետեւորդ նկարիչները պատկերել հրդեհը:

«Գիշերային հրդեհ», 1650-ականներ: Հեղինակ՝ Արտ վան դեր Ներ

Ցուցադրվում է Ա.Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում

17-րդ դարի եվրոպական մշակույթի պատմության մեջ Հոլանդիան առանձնացավ «հետազոտող» գեղանկարչությամբ:

Այս շրջանին է պատկանում ամստերդամցի բնանկարիչ Արտ վան դեր Ները, որի ձեռագրի յուրահատկությունը լուսավորության հնարքների մեջ է: Նրա աշխատանքներում քիչ է ցերեկային լույսը, փոխարենը դիտողին հիացնում են նրա մայրամուտները, հրդեհի տեսարանները: Գրեթե պաթոսի հասնող խորությամբ նա պատկերել է գիշերային հրդեհների ողջ հմայքն ու սարսափը՝ համադրելով կրակի լեզվակների «հարձակումը» եւ լուսնի հանդարտ խաղը:

Արտ վան դեր Ների սյուժեները շատ տարածված էին, նա կարծես դարձել էր հստակ բնանկարային կոմպոզիցիայի հիմնադիր: Նրա արվեստը քիչ է ուսումնասիրված, բայց մի բան միանշանակ է՝ բնության «ապրումները» նկարիչը նկարագրում է զգացմունքային եւ անկեղծ:

 

«Հռոմի հրդեհը», 1785 թ.: Հեղինակ՝ Ռոբեր Յուբեր

Ցուցադրվում է Պավլովսկի պետական թանգարան-արգելոցում

Կտավի հիմքում իրական փաստեր են: Ներոն կայսեր օրոք՝ 64 թվականի հուլիսի 18-19-ը, Հռոմում բռնկվել էր մեծ հրդեհ, որը դատարկել էր քաղաքի 14 թաղամասից 11-ը: Հրդեհը մարվել էր միայն 6 օր անց:

Այդ ժամանակ Հռոմի բնակչությունը կազմում էր ավելի քան մեկ միլիոն մարդ՝ չհաշված ստրուկներին, մոտակա շրջաններից եկած սեզոնային աշխատողներին, անօրինական բնակվող միգրանտներին: Կրակն այնքան արագ էր տարածվել նեղլիկ փողոցներով, որ ամենուրեք կրակից փախչող մարդկանց կուտակումներ էին:  Պատմիչ Կոռնելիոս Տակիտոսը, որը Ներոնի հակառակորդն էր եւ հրդեհի մասին միակ գրավոր վկայության հեղինակը, ասում է, որ մեղավորը կայսրն էր: Նա անվտանգ տարածությունից, բեմական հագուստ հագած, քնար էր նվագում եւ բանաստեղծություն կարդում Տրոյայի անկման մասին:

Ժամանակակից պատմաբաններն ավելի հակված են հավատալ, որ Ներոնը հրդեհի հետ կապ չի ունեցել, նա անձամբ ուղեւորվել է Հռոմ եւ անմիջապես կազմակերպել փրկարարական ու տուժածների տեղափոխման աշխատանքները: Դրանից հետո մշակել է քաղաքի նոր հատակագիծը, հաստատել տների միջեւ հեռավորության եւ փողոցների լայնության նվազագույն նորմերը, հրահանգել քաղաքում միայն քարե տներ կառուցել եւ տների գլխավոր մուտքը բացել դեպի փողոցը: Ներոնը նաեւ իր պալատում ապաստան էր տվել անօթեւաններին եւ նրանց ապահովել սննդով:

Հրդեհ հրահրելու հարցում մեղադրվեցին քրիստոնյաները եւ այլ արեւելյան կրոնների ներկայացուցիչներ: Դրանից հետո Հռոմում համատարած ջարդ սկսվեց:

Յուբերի «Հռոմի հրդեհը» կտավը համարվում է բոլոր ժամանակների՝ «դիտողի վրա զգացմունքային մեծ ազդեցություն» ունեցող աշխատանքներից մեկը:

Կրակի ցոլքը գիշերային բնանկարում լույսի միակ աղբյուրն է: Գունային հակադրումները եւ հրկիզվող շենքերի լուսավորությունը միշտ հետաքրքրել է հեղինակին: Նա այս թեմայով մի քանի կտավ է ստեղծել:

 

«Պոմպեյի վերջին օրը», 1833 թ.: Հեղինակ՝ Կառլ Բրյուլով

Ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում

79 թվականի օգոստոսի 24-ին Իտալիայի հարավում գործող Վեզուվի հրաբխի ժայթքման եւ լայնածավալ հրդեհի հետեւանքով ամբողջովին ոչնչացան հին հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում եւ Ստաբիա քաղաքները: Այս դեպքից 18 դար անց ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ Կառլ Բրյուլովը պատկերեց իր հայտնի «Պոմպեյի վերջին օրը» կտավը:

Բանն այնն էր, որ 1828 թվականին երիտասարդ Բրյուլովն ապրում եւ աշխատում էր Հռոմում: Այդ ընթացքում հնագետները Պոմպեյում պեղումներ էին անում: Հետաքրքրասեր նկարիչը մեկնում է պեղումների վայր, զարմացած ու տպավորված՝ սկսում է նկարել:

Այս կտավը գրեթե վավերագրություն է: Օրինակ՝ նկարիչը պատկերել է երբեմնի «Հերկուլանյան դարպասներ» փողոցը, իսկ տաճարի աստիճանների ավերակները մինչև հիմա գոյություն ունեն: Բրյուլովն անձամբ ուսումնասիրել էր զոհվածների մասունքները եւ դրանց հիման վրա ստեղծել իր կերպարներին: Նույնությամբ պատկերել էր նաեւ շինության փլուզումը: Հրաբխագետները վստահեցնում են, որ նկարիչը պատկերել էր 8 բալանոց երկրաշարժ, ընդ որում՝ միանգամայն ճշգրիտ: Ըստ մասնագետների` հենց այդպես են փլվում շինությունները ստորգետնյա ցնցումների ժամանակ:

Արվեստաբանները շատ թատերային են համարել կտավը, սակայն հենց այդ թատերայնությունն է փրկում տեսարանը չափազանց սահմռկելի երեւալուց: Ի դեպ, Բրյուլովը զերծ չի մնացել նաեւ անձնական թեմայից: Նկարի հիմնական հերոսուհիները նույն դեմքն ունեն, պարզապես նրանք տարբեր տարիքում են ու դեմքի տարբեր արտահայտություններով։ Երկուսն էլ նույն կինն է՝ կոմսուհի Յուլյա Սամոյլեւան՝ Բրյուլովի կյանքի մեծ սերը: Կնոջից բացի՝ կտավում եւս մեկ իրական կերպար կա՝ հենց Բրյուլովը՝ նկարչի դերում, որը ծածկում է գլուխը վրձիններով ու ներկերով լի արկղով: 3 մետր բարձրությամբ եւ 6 մետր լայնությամբ այս մոնումենտալ կտավն ունի բազմաթիվ կերպարներ եւ դետալներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել հին հռոմեական մշակույթը, կենցաղն ու ապրելակերպը։

 

«Հրդեհի գոտում», 1875 թ.: Հեղինակ՝ Պավել Յակովլեւ

Ցուցադրվում է Տրետյակովյան պետական պատկերասրահում

Յակովլեւը 19-րդ դարի երկրորդ կեսի ժանրային գեղանկարչության քիչ հայտնի, բայց տաղանդավոր ներկայացուցիչներից է: Նրա կտավները պատմողական են, դրամատիկ սյուժեով, արտահայտիչ քննադատությամբ, երբեմն էլ՝ հումորային տարրերով:

Նրա ամենաազդեցիկ աշխատանքը «Հրդեհի գոտում» կտավն է, որը պատկերում է գյուղական համայնքներում հրդեհի հետեւանքները: Բայց ի տարբերություն նկարիչների նախորդ սերնդի, որը նման սյուժեն ներկայացնում էր պատմողական-կենցաղային ժանրի տեսանկյունից, Յակովլեւը զերծ է մնում հենց հրդեհի նկարագրությունից:

Նկարի դրամատիկ եւ զգացմունքային «խարիսխը» դառնում է տարեց գյուղացին, որը ճակատագրի հեգնանքով ծայրահեղ աղքատ վիճակում է: Նա նստած է իր այրված տան մոխրի առաջ եւ վերացարկված է աշխարհից: Նրա դեմքին կարոտ եւ անելանելիություն է զգացվում: Յակովլեւը ստիպում է անկեղծորեն կարեկցել ու ապրումակցել այդ մարդուն: Սա ողբերգության նոր ընկալում է:

Կտավը նկատել են շատ քննադատներ, եւ ի վերջո սկսնակ նկարչի աշխատանքը ձեռք է բերել Տրետյակովյան պատկերասրահը: Այդուհետ Յակովլեւը հայտնի է դարձել:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ