Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ․ ՀՀ կառավարությունն առաջարկում է 2020 թվականին ԱԻՆ-ին տրամադրել 15,184 միլիարդ դրամ

Նախագիծ․ ՀՀ կառավարությունն առաջարկում է 2020 թվականին ԱԻՆ-ին տրամադրել 15,184 միլիարդ դրամ

2549
Տարածել

Այսօրվանից ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հաստատած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի ԱԻՆ-ին վերաբերող մասը քննարկվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Նախագիծը ներկայացրեցին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը։

Կառավարությունն առաջարկում է 2020 թվականին ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել 15,184 միլիարդ դրամ՝ 17,2 տոկոսով ավելի քան 2019 թվականին։ Սա պայմանավորված է հոկտեմբերի մեկից փրկարարների աշխատավարձերի բարձրացմամբ։

Նշված 15,184 միլիարդի գերակշիռ մասը՝ 11,306 միլիարդ դրամ, կտրամադրվի փրկարար ծառայությանը։

«Արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու բնական եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետեւանքների կանխարգելմանը եւ վերացմանը»- գրված է նախագծում: Ըստ կառավարության, այս ամենը պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր է եւ նպաստելու է երկրի կայուն զարգացմանը:

2020 թվականին արտակարգ իրավիճակների բնագավառում նախատեսվում է՝

փրկարար ծառայությունում փրկարարական համակարգի կատարելագործում եւ զարգացում՝ այն աստիճանաբար համապատասխանեցնելով ընդունված ժամանակակից պահանջներին, զուգահեռաբար պետական փրկարարական կառույցի շուրջ ձեւավորելով կամավորական փրկարարական ուժեր, նախարարության փրկարար ծառայողների մասնագիտական, արագ արձագանքման փրկարար ուժերի պատրաստականության բարձրացում եւ տեխնիկական հագեցվածության ապահովում, քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի քաղաքացիական պաշտպանության ուժերի ու ստորաբաժանումների խնդիրների առավել արդյունավետ դերաբաշխման եւ կառավարելիության բարձրացում, սահմանամերձ բնակավայրերում փրկարարական եւ արագ արձագանքման այլ ուժերի ստեղծում եւ զարգացում,

սեյսմիկ պաշտպանության ոլորտում սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիությունը բարձրացնելու նպատակով սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում եւ թվայնացում: Շենքերի, շինությունների նախագծման, բնակավայրերի տարաբնակեցման եւ զարգացման ծրագրերում հաշվի առնել ինչպես դրանց հնարավոր անվտանգ վայրի ընտրությունը, այնպես էլ սեյսմիկ անվտանգությունը,

հիդրոօդերեւութաբանության մոնիտորինգի պետական ծառայության հիմնական խնդիրները նպատակաուղղված են լինելու հիդրոօդերեւութաբանական ստորաբաժանումների, կայանների եւ դիտակետերի աշխատանքների ավտոմատացմանը, թվայնացմանը, դիտարկումների ծրագրային համակարգերը միջազգային չափանիշների մակարդակին եւ ՀՕԿ-ի (Համաշխարհային օդերեւութաբանության կոմիտե) կողմից ընդունված ստանդարտներին մոտեցնելուն, գործող սարքավորումների անխափան շահագործմանը, որն իր հերթին հնարավորություն կտա բարելավել հիդրոօդերեւութաբանական սպասարկման որակը,

մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության ոլորտի հիմնական խնդիրներն են ռադիոլոկացիոն ցանցի արդիականացումը, հակակարկտային հրթիռային համակարգի  ներդրումը,

կարկտահարություններից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, այգիների պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնական խնդիրն է զարգացնել ակադեմիայի հնարավորությունները` դարձնելով այն արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության մասնագետների պատրաստման ու վերապատրաստման  կենտրոն,

ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի «911» դիսպետչերական ծառայության զարգացում` ծառայության մատուցումը հնարավորինս մոտեցնելով միջազգային չափանիշներին: Իրավիճակների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության եւ առաջարկությունների նախապատրաստման համակարգի կատարելագործում,

ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական պահուստի համակարգի զարգացման եւ բարեփոխումների հայեցակարգի դրույթների իրականացում, նյութական արժեքների կուտակում, թարմացում, փոխարինում եւ պահպանում, այս ոլորտում նոր քաղաքականության մշակում՝ ընդգրկելով մասնավոր սեկտորի հնարավորություններն ու կարողությունները,

աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, համայնքներում աղետների ռիսկի բացահայտման եւ գնահատման համակարգի փուլային ներդրում, սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ