Գլխավոր Վերլուծություն Մայիսի արտակարգ դեպքերը

Մայիսի արտակարգ դեպքերը

234
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2023 թվականի մայիսին հանրապետությունում գրանցված տեխնածին, տարերային եւ սոցիալ-կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները մայիս ամսին իրականացրել են 1957 ելք: 475 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 800՝ կենցաղային կանչ, 148՝ կեղծ ահազանգ, 534՝ այլ դեպքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կատարված ելքերի քանակն աճել է 151-ով: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 21, տուժել` 901 մարդ: Փրկարարները 18 մարդու կյանք են փրկել: 2022 թվականի մայիսի համեմատությամբ, զոհվածների քանակը նվազել է 18-ով, տուժածների քանակն աճել 182-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակամիջոցներում, արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 90,9 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 414 ահազանգ (2022 թվականի մայիսին՝ 382 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 233 դեպքում (2022 թվականի մայիսին՝ 215 դեպք): 101 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2022 թվականի մայիսին՝ 77): 74 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 6 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Մայիսին հրդեհների 71,7 տոկոսը՝ 167 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 28,3 տոկոսը՝ 66 դեպք՝ գյուղերում: Նախորդ տարվա մայիս ամսվա համեմատությամբ քաղաքային հրդեհների քանակն աճել է 11-ով, գյուղական հրդեհներինը՝ 7-ով: Մայրաքաղաքում գրանցվել է 106 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 28, ամենաքիչը՝ Շիրակը, Վայոց ձորն ու Տավուշը՝ 6-ական հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքներն ու գյուղերը եւ Արմավիրի գյուղերը՝ 14-ական հրդեհ, ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները, Սյունիքի եւ Տավուշի գյուղերը՝ 2-ական հրդեհ:

Այրվել է առավելապես աղբ՝ 74 հրդեհ: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել տրանսպորտային միջոց՝ 33, առանձնատուն՝ 30, բուսածածկ տարածք՝ 23, տնակ-ավտոտնակ՝ 12, բնակելի շենք՝ 11, անասնակեր՝ 4 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2023 թվականի մայիսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 375 կանչ են ստացել՝ 67-ով ավելի քան 2022-ի մայիսին: Երեւանում գրանցվել է 172 ՃՏՊ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 39, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 4 ՃՏՊ:

Թունավորում

2023 թվականի մայիսին փրկարարները թունավորումների վերաբերյալ 269 կանչ են ստացել՝ 85-ով ավելի քան 2022-ի մայիսին: Երեւանում գրանցվել է 152 դեպք: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 49 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 2 թունավորում: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 83 դեպք, դեղորայք՝ 72, քիմիական նյութեր՝ 37, սննդամթերք՝ 20, շմոլ գազ՝ 10 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված կորոնավիրուսից 2023 թվականի մայիսին զոհվել է 1, տուժել՝ 95 մարդ:

Այլ դեպքեր

2023 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 16 հարձակում, 12 ուժեղ քամի, 11 փլուզում, 5 պայթյուն, 3-ական ուժեղ կարկուտ եւ քարաթափում, մեկական՝ դարափուլ (նստվածք), անասնահամաճարակ, տեղատարափ անձրեւ, եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերն ու պատահարները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ