Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

813
Տարածել

Խոշոր քարաթափում Լոռու մարզում

 

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է ավելի քան 30 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջանների և Լոռու փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Գետերի ու լճերի ափերին կամ այլ վայրերում ցեխակույտի մեջ արգելափակված 5 մեքենա է հանվել երթևեկելի մաս: Չորս օձ է հայտաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Շիրակի փողոցի մի շենքում քաղաքացին մտադիր է հրդեհել իր իսկ բնակարանը: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ տան 62-ամյա սեփականատերն ուղղակի ոչ սթափ վիճակում է: Լոռեցի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը դարձել է երկկողմանի անանցանելի, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Ճանապարհը սպասարկող ընկերության ուժերով, ահազանգից երկու ժամ անց ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, իսկ հաջորդ օրն ամբողջությամբ բացվել է: