Գլխավոր Նորություններ ԳՐԵԼԱՆԴԻԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԱՌՑԱԴԱՇՏԸ ՃԱՔԵԼ Է

ԳՐԵԼԱՆԴԻԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԱՌՑԱԴԱՇՏԸ ՃԱՔԵԼ Է

815
Տարածել

Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսներում գտնվող, աշխարհի ամենամեծ կղզին (ավելի քան 2 միլիոն քկմ)՝ Գրենլանդիան, մշտապես պատված է սառույցով, կղզու առանձին հատվածներում տարբեր տարիների գրանցվել է մինչև -70 աստիճան ցուրտ: Կղզին ծածկված  է սառցադաշտերով: Դրանցից ամենամեծը՝ Պետերմանը, ճաքել է մեջտեղից: Սրա մասին են վկայում ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային գործակալության հրապարակած լուսանկարները, որոնք արվել են ապրիլի սկզբին:  Գիտնականները մտավախություն ունեն, որ ճեղքի հետագա մեծացումը կարող է դառնալ հսկայական այսբերգի առաջացման պատճառ: 1912 թվականին հենց Գրենլանդիայից պոկված սառցաբեկորը դարձավ «Տիտանիկ» նավի կործանման պատճառը: Իսկ հիմա կարող է առաջանալ «Տիտանիկը» կործանած սառցաբեկորից շատ ավելի մեծ այսբերգ:

Պետերմանի մակերեսը մոտ 1000 քկմ է: Սովորաբար, ճեղքերն առաջանում են սառցադաշտերի եզրերին, սակայն այս անգամ ճեղքը սառցադաշտը մեջտեղից երկու մասի է բաժանել: Գիտնականների մի մասը պնդում է, որ պատճառը կլիմայական փոփոխություններն են: Մյուս մասը համարում է, որ դեռ վաղ է կարծիք հայտնելը, նոր ուսումնասիրություններ են պետք:

Լուսանկարներից երևում է, որ նոր ճաքից ոչ շատ հեռու ավելի վաղ առաջացած այլ ճաք կա, և եթե այս երկուսը հանդիպեն, Պետերմանը կկիսվի: