Գլխավոր Վերլուծություն Արագածոտնում կազմակերպված դասընթացներին մասնակցել է ավելի քան 3500 մարդ

Արագածոտնում կազմակերպված դասընթացներին մասնակցել է ավելի քան 3500 մարդ

327
Տարածել

Ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ մարտի 14-ից մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում փրկարարական վարչություններն ու ստորաբաժանումները իրենց տարածաշրջանի բոլոր ուսումնական հաստատություններում իրականացրել են  «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» եւ «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով դասընթացներ:

Արագածոտնի  մարզում դասախոսությունների կազմակերպման եւ արդյունավետության մասին խոսել ենք Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արտակ Շամիրյանի հետ: Նրա խոսքով՝ մարզի 123 ուսումնական հաստատությունում, այդ թվում՝ 3 ավագ դպրոցում եւ 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում, դասընթացներին ներկա է եղել 511 դասախոս եւ ուսուցիչ, 2999 աշակերտ եւ ուսանող: «Կրթական հաստատությունների հետ համագործակցությունը մշտական է, քանի որ տարաբնույթ վարժանքներից եւ դասախոսություններից բացի՝ իրականացնում ենք նաեւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող գործողությունների պլանների մշակում եւ ճշգրտում։ Այս դասախոսությունները հերթական անգամ ծանոթացրին մասնակիցներին տարհանմանն ու պատսպարմանը՝ որպես բնակչության պաշտպանության հիմնական ձեւեր։ Տեսանյութի միջոցով փոխանցեցինք գիտելիքներ տարբեր իրավիճակներում գործելու, ինքնօգնության եւ փոխօգնության կանոնների վերաբերյալ։ Բացի դրանից՝ նրանք տեղեկացան՝ ինչպես է գործում փրկարար ծառայությունը տարբեր արտակարգ իրավիճակների ժամանակ»,- մանրամասնեց վարչության պետի տեղակալը։

Փրկարարների այցելության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես տարհանման ուղիներին եւ ելքերին, հակահրդեհային միջոցներին, նկուղային տարածքների մաքրությանը, լուսավորության ապահովմանը եւ այն ամենին, ինչը կարող է անվտանգության առումով խնդիր առաջացնել։ Արտակ Շամիրյանի հավաստմամբ՝ ուսումնական հաստատությունների ղեկավարությունն ընդունում է դիտարկումները եւ պատրաստ է համագործակցության։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ