Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ընդլայնվում են հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները

Ընդլայնվում են հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները

2312
Տարածել

Նոյեմբերի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ընթացիկ տարում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն` կենտրոնի համանախագահներ, Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանի, Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի մասնակցությամբ:

Քննարկվեցին Ռուսաստանում հայ փրկարարների որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման հեռանկարները, վերապատրաստման արդյունավետությունը, քիմիական, կենսաբանական եւ ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր եւ այլն։ Որոշվեց առաջիկայում  վերանայել ռուսական կողմից տրամադրվելիք հրշեջ տեխնիկայի եւ գույքի ցանկը՝ ելնելով առաջին անհրաժեշտությունից, ինչը թույլ կտա ավելի բարձրացնել արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման օպերատիվությունը։

Մեզ հետ զրույցում կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը մանրամասնեց, որ այս պահին կենտրոնում մեծածավալ շինարարություն է ընթանում՝ կառուցվում են է ուղղաթիռների թռիչքա-վայրէջքային հրապարակ, նոր կայանատեղիներ, ասֆալտապատվել են ճանապարհները, բարեկարգվել եւ ցանկապատվում է տարածքը, անցկացվում է գիշերային լուսավորություն, տեղադրվել է տեսադիտարկման համակարգ: Հայաստանի կառավարությունն այս ամենի համար հատկացրել է մոտ 350 հազար դոլար։

Կարեւոր ձեռքբերումներից գնդապետն առանձնացրեց ուսումնական վարժահրապարակների կառուցումը, ինչը կբարելավվի աշխատողների գործնական հմտությունները։ «Այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում աղետների կտրուկ աճ է նկատվում։ Հաջորդ փուլերով նախատեսում ենք ունենալ անգարային տիպի բազմաֆունկցիանոլ վարժահրապարակ։ Այս զարգացումը պիտի շարունակական լինի, որպեսզի վստահորեն կարողանանք մասնակցել տարբեր երկրներում միջազգային մարդասիրական գործողությունների»,- ասաց Պավել Գյոզալյանը։

Այսօր կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս խաղարկել տարբեր արտակարգ իրավիճակներ՝  հրդեհ, ծխապատ գոտուց տուժածի դուրսբերում, շների միջոցով որոնղական աշխատանքներ եւ այլն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ