Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արցախում նշվել է ԱԻ համակարգի աշխատողի տոնը․ շաբաթվա ամփոփում

Արցախում նշվել է ԱԻ համակարգի աշխատողի տոնը․ շաբաթվա ամփոփում

3352
Տարածել

Հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը գրանցել է 767 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ՝ հրդեհի վերաբերյալ կանչեր չեն արձանագրվել, ինչը պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ:

Գրանցվել է տեխնածին բնույթի 30, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 30 պատահար: Փրկարարները բացել են 2 վերելակ եւ 6 դուռ, տեղափոխել առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու, լուծել քաղաքացու ջրամատակարարման խնդիրը։

Սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Հայտնաբերվել եւ վնասազերծվել են կասետային 22 հրթիռ, 4 թնդանոթի արկ եւ 9 ավիառումբ:

Զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնում չի իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

Հոկտեմբերի 30-ին նշվել է համակարգի աշխատակցի մասնագիտական օրը եւ ԱԻՊԾ գործունեության 29-ամյակը։ Փրկարար ծառայողներին շնորհավորանքի ուղերձ են հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, տարբեր գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքացիներ:

Մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգեւների ու գերատեսչական մեդալների: Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կազմակերպվել է մեծարման երեկո։