Գլխավոր Վերլուծություն «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրով վերապատրաստվել է 6105 ունկնդիր

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրով վերապատրաստվել է 6105 ունկնդիր

754
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամն ու Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը 2022 թվականի հունիսից իրականացնում են «Աղետների ռիսկի նվազեցման եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր» թեմայով դասընթացներ՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը կավարտվի 2024 թվականի ապրիլին։ Արդեն իսկ վերապատրաստվել է 6105 ունկնդիր։ 2017 թվականին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի (UNICEF), «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ԱՌՆԱՊ հիմնադրամի համատեղ ջանքերով:

Դասընթացները կազմակերպվում են դպրոցներում եւ մանկապարտեզներում՝ ներգրավվելով ուսուցիչներին, աշակերտներին եւ ծնողներին: ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ հիմնականում քննարկվել են «Երկրաշարժ» եւ «Հրդեհ» թեմաները, այդ թվում՝ կենցաղային, անտառային հրդեհներ, հրդեհ ուսումնական հաստատությունում, խոսվել է տարբեր վտանգավոր երեւույթների, անվտանգության վարքականոնի եւ կարողությունների հզորացման մասին։ Օրակարգում եղել են նաեւ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր՝ ազդարարման ազդանշաններն ու դրանց նշանակությունը, թաքստոցներն ու դրանց կահավորումը եւ այլն։

Դասընթացներն անցկացվել են Տավուշի մարզի բոլոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Վարդենիս խոշորացված համայնքների դպրոցներում, Սյունիքի մարզի գրեթե բոլոր դպրոցներում եւ որոշ մանկապարտեզներում: Դասավանդել են փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները, որոնք նախապես անցել են հրահանգչային վերապատրաստման եռօրյա դասընթաց ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ ԱՌՆԱՊ հիմնադրամի մասնագետների գլխավորությամբ։

Նոր ուսումնական տարում կկազմակերպվեն նոր դասընթացներ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Վահան Հարությունյանը