Գլխավոր Վերլուծություն Սնկի ոչ մի տեսակ միանշանակ անվտանգ չէ

Սնկի ոչ մի տեսակ միանշանակ անվտանգ չէ

139
Տարածել

Ըստ հետազոտությունների՝ Հայաստանում հանդիպում է ավելի քան 4600 սնկի տեսակ: Դրանցից 300-ը ուտելի են, 63-ը՝ թունավոր, որոնցից որոշները՝ նույնիսկ մահացու:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սնկային թունավորումներ առավել հաճախ գրանցվում են Լոռու մարզում: Ուստի եթե արշավի կամ ընտանեկան հանգստի եք պատրաստվում, խորհուրդ ենք տալիս զերծ մնալ արկածախնդրությունից: Սնկաբանների խոսքով՝ սխալ սունկ ընտրելը, սննդի մեջ քիմիական, աղտոտված եւ հիվանդ սնկերի կիրառումը թունավորման հիմնական պատճառներն են։

Պարզվում է՝ անգամ ուտելի սնկերը կարող են «պայմանական ուտելի» լինել։ Օրինակ՝ դժգույն գարշասունկը, որը մահացու թունավոր տեսակ է, աճման երիտասարդ փուլում շատ նման է ուտելի կանաչուկին։ Շփոթելը շատ հեշտ է: Երբ սունկ հավաքողը սիրողական մակարդակի գիտելիք ունի, ճիշտ կլինի սունկն ամբողջ պտղամարմնով հողից հանելը: Գլխարկի մոտից կտրելու դեպքում մարդը կարող է չնկատել ոտիկի վրայի օղակը, ստորին հատվածում պարկաձև պատյանը՝ վոլվան եւ այլ նշաններ, որոնք հուշում են սնկի թունավոր լինելու մասին:

Թունավոր եւ ուտելի սնկերի միջեւ հստակ արտաքին տարբերակիչներ չկան։ Անգամ բոլորին քաջ հայտնի շամպինյոնը թունավոր տեսակներ ունի, որոնք տարբերվում են դեղնավուն երանգով։

Անվտանգ չէ նույնիսկ խոհանոցում հաճախ օգտագործվող կախասունկը, եթե վերջինս քիմիական աղտոտվածություն ունի: Օրինակ՝ գյուղացին ազնվամորի աճեցնելու համար անտառի մի մասը մշակել է միջատների դեմ տարբեր քիմիական նյութերով, եւ տեղանքում նաեւ սնկեր են եղել:

Սննդակարգում չի կարելի օգտագործել գերհաս սնկեր. սնկի գերհասունացած լինելու մասին է հուշում գլխարկի ներքին,  ամբողջովին բացված հատվածը: Չի կարելի նաեւ սունկը երկար պահել սառնարանում: Խորհուրդ է տրվում այն կրկնակի եռացնել, թրջել, երկարատեւ չորացնել, ապա տեղափոխել սառցարան:

Սնկային թունավորում կարող է առաջանալ նաեւ սնկային ուտեստն ալկոհոլի հետ խառնելու պատճառով: Մինչեւ 4 տարեկան երեխաներին բացարձակապես խորհուրդ չի տրվում սունկ ուտել։

Անվտանգության կանոնների պահպանումը սունկ հավաքելիս

Սնկից ամենաշատ թունավորումը տեղի է ունենում, երբ մարդը պատահաբար ուտելի ու չուտելի սնկերը հավաքում է միասին: Դրանից խուսափելու համար պետք է չօգտագործել անհայտ կամ կասկածելի պտղատամարմիններ։ Հիշե՛ք, որ թունավոր սնկերի մի շարք նմուշներում բնորոշ գծերը կարող են բացակայել, օրինակ՝ ճանճասպանի գլխարկի սպիտակ փաթիլները կարող են լվացվել հորդառատ անձրեւից, կամ դժգույն գարշասնկի գլխարկի հատվածը կտրելիս կարելի է չնկատել նախազգուշացնող օղակը։ Սնկերի վտանգավորությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ դրանք ծանր մետաղների, թունաքիմիկատների եւ ռադիոնուկլիդների կուտակիչներ են հանդիսանում։

Առաջին օգնությունը սնկից թունավորման դեպքում

Սնկից թունավորման ախտանշանները հնարավոր չէ չնկատել ու չզգալ՝ որովայնային սուր եւ կտրուկ ցավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում եւ այլն։ Պետք է ինքնաբուժմամբ չզբաղվել եւ անմիջապես դիմել բժշկի։ Նախքան բժշկի գալը պետք է հիվանդին պառկեցնել, լվանալ ստամոքսը, փորձել մատով գրգռել լեզվի հիմքն ու առաջացնել փսխում: Կախված թունավորման բարդությունից՝ հիվանդանոցում ստամոքսի լվացումից հետո կատարվում է արյան փոխներարկում, հեմոդալիզ, ինսուլինի եւ գլյուկոզայի ներարկում, իսկ շնչառական անբավարարության դեպքում՝ ատրոպին ենթամաշկով։

Թույնն աղիներից հեռացնելու համար տուժածին տրվում է լուծողական լուծույթ, կատարվում է հոգնա:

Որպես վերջաբան՝ նշենք, որ սնկից վախենալ պետք չէ, բայց գիտելիքն ու զգուշավորությունը երբեք ավելորդ չեն:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ