Գլխավոր Վերլուծություն ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ․ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԵՆ 3D ՁԵՎԱՉԱՓՈՎ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ

ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ․ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԵՆ 3D ՁԵՎԱՉԱՓՈՎ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ

649
Տարածել

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների գերակշիռ մասը նախագծվել և կառուցվել է մինչև 1988 թվականը, որոնց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերը (սեյսմիկ վտանգի մակարդակը) անհամեմատ ցածր են ենթադրելի ուժերից: Այդ շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունն ընդունված է եղել 7-8 բալ՝ ըստ երկրաշարժերի ուժգնության MSK-64 սանդղակի, իսկ Հայաստանի տարածքը գտնվում է սեյսմիկ գոտում՝ գետնի ենթադրելի առավելագույն Amax=0.2-0.4g արագացումով (8-9 բալ և ավելի)։ Ուստի տարածաշրջանում հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում (5.5 և ավելի մագնիտուդ), տեղի կունենան բազմաթիվ դպրոցական շենքերի և շինությունների կամ դրանց առանձին մասերի փլուզում, ինչն էլ կհանգեցնի բազմաթիվ զոհերի և նյութական մեծ կորուստների:

1999 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է երկու որոշում` Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկերի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարման նպատակով։ Սեյսմիկ պաշտպանության տեսակետից այս ծրագրերով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների, սեյսմիկ խոցելիության նվազեցմանը:

2016-2018 թթ. Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ Միջազգային կոնսորցիումը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքի հավանական սեյսմիկ վտանգի գնահատման՝ սեյսմիկ շրջանացման 1:500000 մասշտաբի նոր քարտեզը։

Դպրոցների պարագայում այն արդյունավետ գործիք է՝ առավել վտանգավոր գոտիներում գտնվող կրթօջախների վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի խոսքով՝ ծառայությունում GIS հենքի վրա ստեղծված տվյալների բազայում 2022 թվականից յուրաքանչյուր դպրոցի մասին հավաքվում է ամբողջական տեղեկություն՝ կառուցման տարեթիվ, սեյսմիկ խոցելիության մակարդակ, անձնակազմի քանակ, վարժանքների ու դասախոսությունների անցկացման օրեր և այլն։ Բազան պարբերաբար թարմացվում է։

Շատ կարևոր է հատկապես պահպանել ուսուցողական միջոցառումների դինամիկան։ Դասախոսությունների թեման սեյսմապաշտպանության վարքականոնն է, գործնական վարժանքինը՝ տարհանումը։ Սոս Մարգարյանը նկատեց, որ դպրոցների արդիականացման ծրագրով Հայաստանում կառուցվել են սեյսմակայուն դպրոցներ, որոնցից տարհանումը չի իրականացվում նույն սկզբունքով։ Սա աննախադեպ է Հայաստանի համար, ուստի պետք է մշակել գործողությունների նոր փաթեթ, որը կկիրառվի հավանական երկրաշարժի ժամանակ։ Օրինակ՝ եթե դպրոցի կողքին մեծ շենք չկա, պետք չէ «գլխապատառ» դուրս վազել, այլ կարելի է պատսպարվել հենց դպրոցի ներսում։

«Դպրոցներում ուզում ենք ներմուծել նաեւ 3D  ձևաչափով տարհանման սխեմաներ, քանի որ փորձը ցույց է տվել՝ պատին փակցված պլանները երբեմն բարդ ընկալելի են։ 3D  ձևաչափով տարհանման սխեմաներում հնարավոր կլինի ցանկացած ինֆորմացիա գտնել՝ ելքերը, կրող պատերը և այլն։ Ընդհանուր մշակել ենք 20 նախագիծ՝ Երևանի և մարզերի բոլոր դպրոցների համար»,- ասաց ծառայության տնօրենը։

Նա կարևորեց ռիսկերի գնահատման հարցում GIS գործիքի ներդրումը, քանի որ այն անսահմանափակ հնարավորություններ է տալիս։ Միակ խնդիրը մենեջմենթն է՝ համակողմանի համագործակցությունը, որի անհրաժեշտությունը պետք է հասկանան բոլորը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի