Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Երվանդաշատի կամավոր փրկարարական հենակետն անցել է գործի

Երվանդաշատի կամավոր փրկարարական հենակետն անցել է գործի

154
Տարածել

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրում գործող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը ստեղծվել է 2019 թվականին։ Ի սկզբանե ջոկատին կամավորագրվել էր 16 քաղաքացի,  որոնք անցել էին սկզբնական մասնագիտական  պատրաստության պարապմունքներ: Այս տարվա մարտին հատուկ հանձնաժողովը 14 կամավոր հրշեջ-փրկարարներից 9-ին շնորհել է «Փրկարար» որակավորման կարգ:

2021 թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռից հենակետին հատկացվել  է «ԶԻԼ 130 ԱԲ-40» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենա, իսկ օգոստոսի 5-ին՝ հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ գույք-սարքավորումներ: Օգոստոսի 8-ից կամավորներն իրենց սպասարկման տարածքում արդեն իրականացնելու են արտակարգ իրավիճակի դեպքում սկզբնական արձագանքում մինչեւ  Բաղրամյանի ՀՓՋ-ի ժամանելը։

Բաղրամյանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Վիգեն Հարությունյանի խոսքով՝ Երվանդաշատ և Բագարան  սահմանամերձ գյուղեր հասնելու համար 40 կմ ճանապարհ պետք է կտրել։  Արոտավայրերն ու պտղատու այգիները շատ են, իսկ շոգ  եղանակին հրդեհի վտանգը՝ անկանխատեսելի։ Գյուղացիներն իրենց հերթին անզգուշորեն խոտը դիզում են տնամերձերում կամ տանիքում։ Եղել են դեպքեր, երբ էլեկտրալարերի կարճ միացումից բռնկվել են արագիլների բները։ Տարածքում սողուններ հաճախ են հանդիպում։ Այս ամենին արագ արձագանքելու հմտություններ կամավորներն արդեն ունեն։ Նրանցից ամենաերիտասարդը 23 տարեկան  է։ Բոլորը մի համերաշխ թիմ են՝ պատրաստ օգնելու իրենց համայնքներին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը