Գլխավոր Միջոցառումներ Անտառային գոտիներում հրդեհավտանգ սեզոնին ընդառաջ վարժանք Լոռու մարզում

Անտառային գոտիներում հրդեհավտանգ սեզոնին ընդառաջ վարժանք Լոռու մարզում

353
Տարածել

Ապրիլի 27-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքին հարակից անտածածկ տարածքում անցկացվեց «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքներում» թեմայով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Ներկա էին նաեւ ՓԾ տնօրենի տեղակալները, փրկարարական ուժերի վարչության, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների եւ պաշտպանության նախարարության ավիացիայի ծառայողները, Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության աշխատակիցներ, «Լոռէ» հասարակական կազմակերպության եւ «Հայկական կարմիր խաչի ընկերության» կամավորները, այլք։

Ըստ սցենարի՝ բռնկվել էր անտառային հրդեհ, ծավալվել էր հինգ տեղամաս։ Փրկարարները ջրցանների եւ ձեռքի կրակմարման թակիչների օգնությամբ կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ, տուժածները ճահճագնացների եւ հատուկ պարանների միջոցով տեղափոխվել են բուժկետ եւ ստացել առաջին օգնություն։ Իրականացվել է ջրառք՝ ներքաշող փողրակների եւ հիդրոէլեւատորի միջոցով, ուղղաթիռով օդային հետախուզութուն եւ ջրթափ հրդեհի օջախի տարածքում։

Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանի խոսքով՝ սա նախապատրաստական վարժանք էր հրդեհավտանգ սեզոնին ընդառաջ։ Տարածքը պատահական չի ընտրվել․ միայն անցած տարի այս անտառային գոտում 8 հրդեհ է գրանցվել։ Ուսումնավարժությունը ցույց տվեց, թե որքանով են պատրաստված փրկարարները թե՛ լայնամասշտաբ հրդեհաշիջման, թե՛ այլ կառույցների հետ համագործակցության առումով։

«Մի շարք էլեմենտներ էինք կիրառել, որոնք կարող են պետք գալ իրական հրդեհների ժամանակ, օրինակ՝ դժվարանցանելի ու բարձրադիր գոտիներում տարբեր եղանակներով ջուր հասցնելը։ Անտառում ծավալել էինք շարժական ջրավազան՝ օգտագործելով մոտոպոմպ։ Կատարել ենք գետնանց եւ ափից ափ փրկարարական գույքի տեղափոխում»,- գոհունակությամբ նշեց ՓՈՒՎ պետը։

Հետախուզական նպատակով կիրառվել են ՀՆՓԱԻԿ-ի եւ ՌՀՄԱԿ-ի դրոնները․ վերջինս հագեցած է հատուկ մոնիտորով, որի քարտեզագրման, նկարահանման եւ տպագրության հնարավորությունների շնորհիվ փրկարարներն ավելի արդյունավետ են աշխատել։ Արմեն Գեւորգյանը հավելեց նաեւ, որ աշնանը նմանատիպ վարժանք է  նախատեսվում նաեւ Տավուշի մարզում։

Ուսումնավարժությանը ներգրավված «Հայկական կարմիր խաչի ընկերության» Ստեփանավանի արագ արձագանքման թիմը եւ «ԼոռԷ» փրկարար ջոկատի մասնագետները զարմացրել են դրոնի միջոցով գետի մի ափից մյուսը պարանային աշխատանք կատարելու եւ տուժածներին տեղափոխելու հմտությամբ։ Տուժածները «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի ուսումնական բազայի ուսանողներն էին՝ 5 հոգի։ Խումբն ապահովել է գետի վրայով հրշեջների եւ նրանց գույքի անցումը։ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ ակադեմիայի սաները թիմային աշխատանքում իրենց հիանալի են դրսեւորել։

ցՆման վարժանքները շատ կարեւոր են՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության հետ կապված անտառային հրդեհների աճը։ »Հայ-ռուսական մարդասիրական արձագանման կենտրոնը», տեսնելով մեր աշխատանքը, ցանկություն հայտնեց «Կարմիր խաչի» արագ արձագանքման թիմի հետ համատեղ վարժանքներ անցկացնել։ Ի դեպ, այդ թիմում նաեւ մեր շրջանավարտներից կան, որոնք պրոֆեսիոնալ փրկարարներ են»․- հավելեց Արմեն Առաքելյանը։

Վարժանքին հետեւել է նաեւ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը: Ըստ նրա, ակադեմիայի դասախոսների եւ ուսանողների ներգրավումը նման վարժանքներում կարեւոր է, քանի որ վաժանքների ժամանակ բացահայտվում են թերություններ, նախանշվում են նոր հետազոտությունների ուղղություններ: Անտառային հրդեհների հետ կապված աշխատանքների վերաբերյալ հետազոտություններից հետո, ակադեմիան իր առաջարկները կներկայացնի փրկարար ծառայության ղեկավարությանը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները