Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 28 մեքենա

Արգելափակումից հանվել է 28 մեքենա

2191
Տարածել

Հունվարի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 377 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 71 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 19 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 152 կենցաղային կանչ են ստացել, որոնցից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Աջափնյակ, Նորք Մարաշ վարչական շրջաններում, Տավուշում, Արմավիրում, Լոռիում։ Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 28 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 74 մարդ:

Այլ կանչեր․

Շաբաթվա ընթացքում փրկարարները մի քանի ելք են կատարել գոմի եւ պահեստավորված անասնակերի հրդեհաշիջման նպատակով։

Էրեբունի վարչական շրջանի Մ․Խորենացի փողոցի բնակարաններից մեկում պահարանի հրդեհը վայրկենական տարածում էր գտել։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան, շենքից տարհանվել էր 28 քաղաքացի։ Այրվել է ամբողջ բնակարանը՝ գույքով, նաեւ վերին հարկի պատուհանների շրջանակները։ Հոսպիտալացվել է 3 քաղաքացի։