Գլխավոր Նորություններ Փրկարարները 455 կանչի են արձագանքել

Փրկարարները 455 կանչի են արձագանքել

156
Տարածել

2023 թվականի ապրիլի 3-9-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 455 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 106 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 27 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 168 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Աջափնյակ, Նոր նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում, Արարատում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 4 կանչ է ստացվել: Մեկ դեպքում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 17 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 22 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարում եւ տարհանում», «Ազդարա­րում, տարհանում, պատսպարում» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: