Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 663 կանչի են արձագանքել

Փրկարարները 663 կանչի են արձագանքել

222
Տարածել

2023 թվականի հունիսի 12-18-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 663 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 79 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 29 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 211 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն, Ավան, Նոր նորք, Դավթաշեն վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում, Սյունիքում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 109 կանչ է ստացվել: 54 դեպքում փրկարարները հայտնաբերել եւ բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 26 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 32 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը մանկապարտեզում», «Հյուրանոցի խոհանոցում առաջացած հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներ եւ տարհանում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, տարհանման եւ պատսպարման աշխատանքների կազմակերպումը», «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում եւ իրականացում», «Հրդեհաշիջումը փռի տանիքում», «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում», «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը համաճարակի հանգեցնող վարակիչ հիվանդութ­յան դեպքում», «Տարահանված բնակ­չության ընդունման եւ կենսապահովման կազմակերպումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը բազմա­բնակարան շենքում», «Հրդեհա­­շիջումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի գործողությունները ուսումնական հաստատություններում», «Հրդեհ գազալցակայանի լիցքավորման կետում» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: