Գլխավոր Վերլուծություն Փետրվարի արտակարգ դեպքերը

Փետրվարի արտակարգ դեպքերը

332
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2023 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2023 թվականի փետրվարին փրկարարներն իրականացրել են 1885 ելք՝ 223-ով ավելի քան 2022-ի փետրվարին: 775 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 565՝ կենցաղային կանչ, 108՝ կեղծ ահազանգ, 437՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 25 տուժել 1637 մարդ: Փրկարարները 6 մարդու կյանք են փրկել:

Կորոնավիրուսի տարածվածության ծավալների նվազմամբ պայմանավորված, 2022 թվականի փետրվարի համեմատ, 2023 թվականի փետրվարին արձանագրվել է զոհվածերի եւ տուժածների թվաքանակների նվազում՝ համապատասխանաբար 437-ով եւ 47731-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 89,5 տոկոսը կամ 903 դեպք, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վերաբերյալ 596 ահազանգ (2022 թվականի փետրվարին՝ 577 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 426 դեպքում (2022 թվականի փետրվարին՝ 444): 78 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2022 թվականի փետրվարին՝ 56): 79-ում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիք եւ ծխապատ գոտին, իսկ 13 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Փետրվարին հրդեհների 60,6 տոկոսը՝ 258 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 39,4 տոկոսը՝ 168 դեպք՝ գյուղերում: Նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 8-ով, գյուղական հրդեհների քանակը նվազել 26-ով:

Մայրաքաղաքում գրանցվել է 151 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 65 հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորը, Արագածոտնը, Գեղարքունիքը՝ 10-ական հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տոուժել են Սյունիքի քաղաքները՝ 28 եւ Արարատի գյուղերը՝ 53: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ 1 հրդեհ եւ Շիրակի եւ Գեղարքունիքի գյուղերը՝ 4-ական հրդեհ:

Այրվել է առավելապես բուսածածկ տարածք՝ 149 հրդեհ: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել առանձնատուն՝ 48, տրանսպորտային միջոց՝ 41, բնակելի շենք՝ 18, տնակ-ավտոտնակ՝ 14, անասնակեր՝ 5 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2023 թվականի փետրվարին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 289 կանչ են ստացել՝ 37-ով ավելի քան 2022 թվականի փետրվարին:

ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 43,9 տոկոս կամ 127 դեպք, գրանցվել է Երեւանում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 32 ՃՏՊ, ամենաքիչը՝ Տավուշը՝ 3 ՃՏՊ:

Թունավորում

2023 թվականի փետրվարին փրկարարները թունավորման վերաբերյալ 188 կանչ են ստացել՝ 32-ով ավելի քան 2022 թվականի փետրվարին: Մայրաքաղաքում գրանցվել է 98 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 22 դեպք, ամենաքիչը՝ Շիրակը՝ 6 թունավորում: Սյունիքում եւ Վայոց ձորում 2023 թվականի փետրվարին փրկարարները թունավորման վերաբերյալ կանչ չեն ստացել:

Թունավորումների հիմնական պատճառներն են. 53՝ շմոլ գազ, 49՝ ալկոհոլ, 34՝ քիմիական նյութեր, 3՝ սննդամթերք, 2՝ բնական գազ եւ այլն:

Կորոնավիկրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված Նոր կորոնավիրուսից, 2023 թվականի փետրվարին զոհվել է 8, տուժել՝ 968 մարդ:

Այլ դեպքեր

2023 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցվել է 39 մերկասառույց, 19 բուք-ձնաբուք, 9 առատ ձյուն, 6 փլուզում, 4 պայթյուն, երկուական քարաթափում եւ ուժեղ քամի, մեկական դարափուլ եւ ձնահյուս եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Հունվարի արտակարգ դեպքերի մասին՝ այստեղ: