Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարաները 363 կանչի են արձագանքել

Փրկարաները 363 կանչի են արձագանքել

2219
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 363 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 48 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 27 կեղծ ահազանգ:

Փրկարարները 124 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջաններում, Արմավիրում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում 14 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր պատճառներով արգելափակված 12 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 15 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապի ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը հոգեբուժարանում», «Քաղաքացիա­կան պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջումը նախադպրոցական հաստատություններում», «ՀԱԷԿ-ի միջուկային եւ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները հանրային վայրերի, բանկոմատների, տրանսպորտային միջոցների ախտահանումներ են րականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանման աշխատանքներ են արվել թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում, ախտահանվել է 1500 օբյեկտ՝ կանգառ, բանկոմատ, տրանսպորտային միջոց եւ այլն:

Այլ կանչեր. Նոր Նորքի փրկարարները կեսգիշերին մոտ ահազանգ են ստացել, որ Գյուլի­քեխյան փողոցում շունը մտել է մթերային խանութ: Փրկարարները շանը դուրս են բերել խանութից։