Գլխավոր Ուսուցողական նյութեր Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը՝ հայերեն

Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը՝ հայերեն

311
Տարածել

«Ենթակառուցվածքների հետաղետային դիմակայունության բարձրացմանն ուղղված  գիտելիքահեն տեխնիկական աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Ճապոնիայի միրջազգային զարգացման գործակալության (JICA), Զարգացման ասիական բանկի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի (UNDP) համատեղ ջանքերով հայերեն է թարգմանվել «Հետաղետային կարիքների գնահատում» ուսումնական ձեռնարկը:

Աղետից հետո ստեղծված իրավիճակում ամենահրատապ խնդիրն է անհապաղ գնահատել կարիքները եւ օգնություն ցուցաբերել: 2008 թվականին Եվրամիությունը (ԵՄ), Համաշխարհային բանկը (ՀԲ) եւ ՄԱԿ-ի Զարգացման խումբը (UNDG) պայմանավորվեցին մոբիլիզացնել ռեսուրսները՝ ներդաշնակեցնելու աղետից հետո գնահատման մեթոդները՝ աղետից տուժած երկրին համակարգված մոտեցմամբ եւ առավել արդյունավետ աջակցելու համար: Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը ներկայացնում է համակարգված մոտեցման արդյունքները: Ձեռնարկը համագործակցության եւ համակարգված գործողությունների հարթակ է՝ աղետից հետո գնահատման եւ վերականգնման պլանավորման համար: Կարեւոր է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները ծանոթանան հետաղետային կարիքների գնահատման միջազգային մեթոդաբանությանը:

Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, ձեռնարկի հայերեն տարբերակը զուտ թարգմանություն չէ, տեղայնացված է, մշակվել է նաեւ հետաղետային կարիքների գնատահման դասավանդման մոդուլը:

Ուղեցույցը հնարավորինս հարմար է, բաժինները համախմբված են եւ փոխլրացնում են իրար՝ ելակետային տեղեկություններ, տվյալների հավաքագրում եւ վերլուծություն, աղետի հետեւանքների գնահատում, աղետի ազդեցության գնահատում, քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ, վերականգնման ռազմավարության ձեւավորում, ռեսուրսների մոբիլիզացիա եւ այլն:

Սա «Հետաղետային կարիքների գնահատում» ուսումնական առաջին ձեռնարկն է: Ընտրված է երկու ոլորտ՝ բնակարանաշինություն եւ ենթակառուցվածքներ: Հաջորդիվ հայերեն կթարգմանվի պատմամշակութային հուշարձանների ոլորտում հետաղետային կարիքների գնահատման մեթոդաբանությունը եւ այսպես շարունակ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ