Գլխավոր Միջոցառումներ Երկրատեղեկատվական համակարգերը՝ կանխատեսման արդյունավետ միջոց

Երկրատեղեկատվական համակարգերը՝ կանխատեսման արդյունավետ միջոց

730
Տարածել

Մարտի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կայացավ «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի հիմքում ընկած դասընթաց, որն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը, ֆինանսավորում՝ Ճապոնիայի կառավարությունը: Թեման՝ աշխարհագրական տեղեկատվական (երկրատեղեկատվական) համակարգեր (Geographic Information System` GIS) եւ հեռազննում:

ՃԿՊԱ պրոռեկտոր, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը նշեց, որ GIS հնարավորություններն անսահման են եւ տեղեկության հավաքագրումը շատ լավ միջոց է ոչ միայն աղետների ռիսկի կառավարման ոլորտում, այլեւ ցանկացած գիտական հետազոտություն իրականացնելու, հիմնավորելու, պարբերաբար ուսումնասիրելու եւ մյուսներին հասանելի դարձնելու համար: Մոտ ժամանակներս ակադեմիայում նախատեսվում է GIS համակարգերի թեմայով մի շարք առարկաների ու գիտակարգերի շուրջ քննարկում: Բացի դրանից՝ արդեն մշակվելն են ու շուտով հասանելի կլինեն հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը եւ նույն թեմայով դասընթացի մոդուլը հայոց լեզվով: Արմինե Հայրապետյանն ուսանողներին հորդորեց դասընթացից քաղել ամեն բառ, որը հետագայում կարող է պետք գալ նրանց լավ աշխատանք գտնելու գործում: «Ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգտագործումը մեր համակարգում եւ առօրյայում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Քաղաքացիական պաշտպանության նպատակով մեր երկրի ամբողջական ռելիեֆը «զգացող» մասնագետների կարիք ունենք: Դուք՝ որպես ապագա փրկարարներ, ճգնաժամային կառավարողներ, քաղաքացիական պաշտպանություն իրականացնողներ, պետք է անմասն չմնաք այս նոր մասնագիտություններից: Եթե մարդն ունի ինքնազարգացման նպատակ, բոլոր միջոցներն արդարացված են»,- ասաց պրոռեկտորը: Թե՛ արտասահմանցի ուսանողները, թե՛ դասախոսներն ու գիտական խորհուրդները փաստում են, որ Հայաստանն ունի այդ պոտենցիալը՝ հյուրընկալելու եւ իր փորձը տարբեր մասնագետների փոխանցելու:

Ակադեմիայի առաջնահերթություններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված բոլոր մասնագետների, փրկարարների կարողությունների զարգացումն ու վերապատրաստումը, ինչի արդյունքում կունենանք գիտահեն ու փաստահեն աշխատանք:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի GIS եւ հեռազննման փորձագետ, ՃԿՊԱ դասախոս Լիլիթ Մինասյանը խոսեց հեռազննման տեխնոլոգիաների հիմնարար հասկացություններից, արբանյակներից, էլեկտրամագնիսական սպեկտրից ու սենսորներից, պատկերների նախնական մշակումից ու դասակարգումից: Անդրադառնալով երկրատեղեկատվական համակարգերի լայն հնարավորություններին՝ բանախոսը նշեց, որ այսօր հնարավոր է ուսումնասիրել ժամանակատարածական դինամիկան ու կատարել կանխատեսումներ, ինչը ցանկացած հետազոտության առանցքն է:

Ներկայացվեցին Landsat, Modis եւ Sentinel արբանյակները: Ըստ առաջադրված խնդրի՝ մարդն ինքն է որոշում՝ որ արբանյակից օգտվել: Օրինակ` Sentinel-ը Երկիր մոլորակը լուսանկարում է 10 մետրից՝ 15 օրը մեկ, Modis-ը՝ 250 մետրից՝ ամեն օր:

«Այսօր հեռազննման տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ կարողանում ենք տիեզերքից ուսումնասիրել նույնիսկ բույսի տերեւը, հողի դեգրադացիան, աղտոտվածությունը եւ այլն: Եթե ցանկացած հետազոտության վրա նախկինում ծախսվում էր մեծ ռեսուրս ու շատ ժամանակ, այսօր հեռազննման համակարգերը հեշտացնում են այդ ամենը, բացի այդ՝ տալիս են ճշգրիտ տեղեկատվություն»,- մանրամասնեց Լիլիթ Մինասյանը:

Ջրամբարների պատվարի փլուզման դեպքում՝ երկրատեղեկատվական համակարգով սելավային ռիսկերի մոդելավորման մասին խոսեց ճապոնացի փորձագետ Ջուն Մացոուն: Շատ քայլեր կիրառելի են նաեւ Հայաստանում ու մեծ միջոցներ չեն պահանջում: Օրինակ` պատվարի փլուզման դեպքում սելավային հոսքի գոտում հայտնվող համայնքների շենքերի պատերին, փողոցային լուսավորության սյուների վրա ներկով գծել սելավի առավելագույն բարձրությունը եւ մարդիկ կհասկանան, թե որն է անվտանգ բարձրությունը:

Ամփոփիչ եզրահանգմամբ երկու հիմնական կետ արձանագրվեց. ցանկացած հետազոտություն պետք է տրամադրվի որոշում կայացնողներին, որին պետք է հստակ քայլեր հաջորդեն, հիանալի է, որ միջազգային կառույցները կամ գործընկեր երկրները օգնում են զարգացնել մեր կարողությունները, բայց պետք է այդ հիմքի վրա արդեն մենք զարգացնենք եղածը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ