Գլխավոր Վերլուծություն ԱԻՆ մարզիկների ելույթները՝ միջազգային մրցաշարում

ԱԻՆ մարզիկների ելույթները՝ միջազգային մրցաշարում

135
Տարածել

Սեպտեմբերի 24-29-ը Թբլիսիում անցկացվեց Պարա ծանրամարտի Եվրոպայի բաց առաջնությանը, որին մասնակցում էր 154 մարզիկ 30 երկրից: Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էին Սվետլանա Մանուկյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Հարություն Մխիթարյանը, Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր Գրետա Վարդանյանը:

Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության 4-րդ եւ Պարալիմպիկ խաղերի 5-րդ արդյունք գրանցած, Հայաստանի բազմակի չեմպիոն Գրետա Վարդանյանը 15 առաջատար կին-մարզիկների հետ մրցապայքարում 177 կգ ընդհանուր արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:

Գրետայի սան, ծանրամարտի մեծ աշխարհում իր առաջին վստահ քայլերը կատարող պարաաթլետ, կանանց 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սվետլանա Մանուկյանը նվաճեց բրոնզե մեդալ: «Չորս տարի Սվետլանայի հետ տեխնիկա ու տակտիկա ենք զարգացնում: Մեծ պոտենցիալ ունեցող մարզիկ է»,- հպարտացավ Գրետան:

Հարություն Մխիթարյանը, ցավոք, չկարողացավ մասնակցել անհատական մրցապայքարին՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի պատճառով: Սակայն սեպտեմբերի 28-ին թիմն ամբողջական կազմով ներկայացավ խառը թիմային պայքարում՝ ուժերը փորձելով Եվրոպայի ուժեղագույն հավաքականների հետ եւ գրավելով 7-րդ հորիզոնականը:

Այժմ մարզիկները պատրաստվում են դեկտեմբերի 10-19-ն Արաբական միացյալ էմիրություններում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը: Այս առաջնության հաղթողները Փարիզ 2024 օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր կստանան:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարը տրամադրել է Գրետա Վարդանյանը