Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստված փրկարարը կարեւորում է բնակչության ուսուցումը

Վերապատրաստված փրկարարը կարեւորում է բնակչության ուսուցումը

1175
Տարածել

Ավարտվեց «Էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգությունը» թեմայով դասընթացը, որը կազմակերպել էր ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»։ Մասնակիցները՝ 60 հոգի, ամփոփիչ գործնական պարապմունքն անցկացրին «Տեսլա Էներջի» ընկերությունում:

Ընկերության ներկայացուցիչ Սամվել Ասոյանը մանրամասն պատմեց ու ցուցադրեց էլեկտրական շարժիչով մեքենաների վթարների դեպքում հնարավոր վտանգները, մեքենան տարբեր տեղանքներից հոսանքազրկելու սկզբունքները եւ այլն։

Կարեւորելով փրկարարների հետ համագործակցությունը՝ Սամվելը նշեց, որ էլեկտրամոբիլներն իրենց բնույթով, բարձր հաստատուն հոսանքի պատճառով ավելի վտանգավոր են, քան բենզինով կամ ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաները։ Արդեն իսկ գրանցվել են լուրջ վթարներ, որոնց արձագանքել են փրկարարները։ Տարբեր ընկերությունների արտադրած էլեկտրամոբիլների կառուցվածքը նույնը չէ, ուստի փրկարարի համար շատ կարեւոր է բազային գիտելիքը, որպեսզի դեպքի վայրում ինքն էլ չդառնա տուժած։

ՆԳՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գեւորգ Հակոբյանը հավելեց՝ էլեկտրամոբիլների վթարների դեպքում ամենաշատ հանդիպող խնդիրը մարտկոցի հրկիզումն է։ Բարձր լարման պատճառով հովացման աշխատանքները հեշտ չեն տրվում, կարող է կարճ ժամանակ անց նորից բռնկում տեղի ունենալ։

Մյուս խնդիրը մեքենայի մաշվածությունն է՝ ավելի քան 10 տարի շահագործված էլեկտրամոբիլները հաճախ են խափանվում։ Առավել վտանգավոր են հիբրիդ մեքենաները, որոնց էլեկտրական եւ բենզինով աշխատող շարժիչներից բացի՝ Հայաստանում նաեւ գազաբալոնային համակարգ են տեղադրում՝ ծախսը կրճատելու համար։

Երեւանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարկան ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Արման Նաղդալյանը մտաբերեց էլեկտրամոբիլի հրդեհի մի կանչ, երբ օգնության հասած քաղաքացիները կողաշրջել էին մեքենան մինչեւ փրկարարների ժամանելը։ Այս դեպքում, կարելի է ասել, նրանց բախտը բերել է, քանի որ բաց աղբյուրներ չեն եղել․ կանգնած վիճակում էլեկտրամոբիլը մինչեւ 480 վոլտ լարում ունի, իսկ շարժման ընթացքում լարումը հասնում է մինչեւ 1000 վոլտի։ Փրկարարներն ամբողջովին հոսանքազրկել էին մեքենան, անընդհատ կատարել հովացում մինչեւ մեքենան քարշակով սպասարկման սրահ տեղափոխելը։ Արման Նաղդալյանի խոսքով՝ շատ կարեւոր է էլեկտրամոբիլի կառուցվածքի մասին պատկերացում ունենալը, քանի որ շարժիչների, ապահովիչների եւ այլ մասերի տեղադրությունը տարբերվում է՝ ըստ մոդելների։

Երեւանի փրկարարական վարչության թիվ 5 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Արտակ Մուրադյանը կարեւորեց հատկապես բնակչության (մասնավորաբար՝ վարորդների) իրազեկումը, որպեսզի դեպքերի ժամանակ մարդիկ անզգուշորեն չմոտենան եւ իրենց չվնասեն։

Առաջիկայում փրկարարական ջոկատները կստանան պաշտպանիչ հանդերձանք՝ էլեկտրամոբիլների վթարների դեպքերը սպասարկելու համար։ Ակադեմիան պլան է մշակում նույն դասընթացին նաեւ մարզային փրկարարներին ներգրավելու համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի