Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 620 կանչի են արձագանքել

Փրկարարները 620 կանչի են արձագանքել

1303
Տարածել

Սեպտեմբերի 12-18-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 620 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ են հրդեհները: Անցած շաբաթ գրանցվել է 236 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 28 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 172 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Աջափնյակ, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռիում, Շիրակում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 22 ահազանգ է ստացվել: 9 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 4 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը պոլիկնինիկայում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապար­տեզում», «Հրդեհաշիջում, տարհանում եւ առաջին բուժօգնություն», «Մանկապարտեզի դալիճում բռնկված հրդեհի դեպքում երեխաններին տարհանում եւ հրդեհաշիջում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: