Գլխավոր Վերլուծություն Իրավագիտակից երեխաներ, առողջ հասարակություն

Իրավագիտակից երեխաներ, առողջ հասարակություն

2929
Տարածել

Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 30-ամյակին նվիրված «Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը» ծրագրի շրջանակում նոյեմբերի 18-20-ը Երեւանի եւ մարզերի շուրջ 170 դպրոցական, այդ թվում՝  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարբեր ծրագրերի մասնակիցներ, հավաքվել էին քննարկելու առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտներում իրենց հուզող հարցերը։ Իսկ դրանք շատ են՝ դասագրքերի բարդ բովանդակությունը, դասապրոցեսի անհետաքրքիր լինելը, միասնական քննությունների ժամանակ անարդար մոտեցումը, 7-րդ դասաժամի անարդյունավետությունը, գյուղական համայնքներում նախակրթարանի, մարզադահլիճների եւ խաղահրապարակների բացակայությունը, կանաչ տարածքների սակավությունը, խմելու ջրի աղտոտվածությունը, դպրոցում, ընտանիքում երեխաների ֆիզիկական եւ հոգեբանական նվաստացման դեպքերը՝ բուլլինգը  եւ այլն։

UNICEF-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանի խոսքով՝ այս տարի նոյեմբերի 20-ին աշխարհի 50 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, անցկացվեց  երեխաների ազգային գագաթաժողով։ Որոշակի խնդիր ուսումնասիրած, զեկույց կազմած եւ դրանով հաղթող ճանաչված դպրոցականները նախագահի նստավայրում հանդիպեցին Հայաստանի կառավարության մի շարք անդամների: Աշակերտների յուրաքանչյուր թեմատիկ խումբ բարձրաձայնեց երկու հարց, որոնք ընտրվել էին՝ ըստ հրատապության եւ առաջնահերթության։

Մեզ հետ զրույցում Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցի սան, շնողցի Անի Ալիխանյանը պատմեց, որ փոքրուց առնչվել է բնապահպանական խնդիրների՝ տեսնելով Թեղուտի պոչամբարի բացասական ազդեցությունը Շնող գետի վրա։ Որպես ուսումնասիրության թեմա՝ Անին ընտրել էր դեռահասներին ծխախոտի եւ ալկոհոլի անօրինական վաճառքը։  Պատանին ընկերների հետ շրջել էր վաճառակետերում, կատարել փորձնական գնումներ, հարցուփորձ արել անցորդներից ու դպրոցականներից եւ եկել եզրակացության, որ ծխախոտն ու խմիչքը անխտիր վաճառվում են բոլորին։ «Մեր հետազոտության ընթացքում հասկացանք, որ պետական մարմիններից ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն կրել այս հարցի համար։ Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 173,1 հոդվածում փոփոխություն կատարել, սահմանել պատասխանատու անձ եւ լիազորություն տալ տեսչական մարմնի՝ խնդիրը կարգավորելու համար»,- նշեց 15-ամյա Անին։

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտ Լիլիթ Ներսիսյանն ուսումնասիրել էր ներառական կրթության խնդիրները եւ բացահայտել, որ իր դպրոցում սովորող, հենաշարժողական խնդիր ունեցող աշակերտները, չնայած մեծ ցանկությանը, հաճախ դասի չեն ներկայանում շենքի անմատչելիության պատճառով։ Նրանցից շատերի համար կազմակերպվում է տնային ուսուցում։ «Բարձրդասարանցիներն օգնում են նրանց հարկից հարկ տեղափոխվել, խնդիրներ են առաջանում հատկապես տարհանման վարժանքների ժամանակ։ Եթե հարցը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, իմ կարծիքով՝ դպրոցի ծնողական եւ աշակերտական խորհուրդները կարող են տարբեր միջոցառումներից ստացված հասույթով խնդրին լուծում տալ, առնվազն՝ թեքահարթակ կառուցել։  Բոլորս նույն իրավունքներն ունենք, եւ չպետք է թույլ տանք, որ մեր ընկերները զրկվեն իրենց իրավունքներից»,- մտահոգություն հայտնեց Լիլիթը։

Երեւանի թիվ 154 հիմնական դպրոցից Ռոբերտ Գրիգորյանն անդրադարձավ երեխաների բուլլինգի խնդրին՝ վերհիշելով ԱՄՆ առաջին սերիական մարդասպան Հենրի Հովարդ Հոլմսին, որին  պարբերաբար նվաստացումների էին ենթարկել ընտանիքի անդամները, դասընկերները եւ ուսուցիչները։ Ռոբերտի խոսքով՝ թեպետ Հայաստանում բուլլինգի դեպքերը քիչ են, այդուհանդերձ առողջ միջավայրում երեխայի դաստիարակությունը պետք է լինի պատասխանատուների ուշադրության կենտրոնում։

Շահումյանի Արտակ Համբարձումյանի միջնակարգ դպրոցի աշակերտ Հայկ Կարապետյանը խոսեց իր դպրոցում ճաշարանի եւ սննդի սպասարկման բացակայության մասին, ինչի պատճառով 5-12-րդ դասարանցիները դասամիջոցներին կտրում-անցնում են բանուկ փողոցը, մոտակա վաճառակետերից գնում զանազան ուտելիք, երբեմն՝ ոչ թարմ։ Գյուղական շատ համայնքներում ճաշարանի խնդիրն արդիական է։

Երեխաների իրավունքների համաշխարհային օրվա ամենակարեւոր արժեքը նրանց ձայնն է, որը պետք է լսել եւ լսելի դարձնել որոշում կայացնողների համար։ Գագաթաժողովի ավարտին կներկայացվի դպրոցականների առաջարկներից կազմված հռչակագիր, որը կտրամադրվի Ազգային ժողովի պատգամավորներին, մարզպետներին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ այլ պատասխատանու անձանց։ Նման միջոցառումները շարունակական են լինելու։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի