Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է INSARAG-ի վերաորակավորման վարժանքը

Անցկացվել է INSARAG-ի վերաորակավորման վարժանքը

1740
Տարածել

Սեպտեմբերի 2-4-ը անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի վերաորակավորման 36-ժամյա վարժանքը: Նախավարժանքն անցկացվել էր այս տարվա ապրիլի 25-28-ը եւ բարձր գնահատականի արժանացել:

Վարժանքի սցենարի համաձայն, պայմանական Սոմարիա երկրում երկրաշարժ է գրանցվել, տուժած երկիրը միջազգային մարդասիրական օգնություն է խնդրել, Հայաստանը արձագանքողներից մեկն է: Ժամանելով Սոմարիա, հայ փրկարարները կապ են հաստատում աղետների կառավարման տեղական պատասխանատուների, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ, ճամբար բացազատում եւ անցնում որոնողափրկարարական աշխատանքների երկու տեղամասում՝ 14 եւ 9 հարկանի շենքերում, որտեղ կան տուժածներ: Աղետից տուժած տարածքի բնակիչների, ականատեսների, տուժածների դերում ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ուսանողներն են՝ 15 հոգի:

ՏԵՂԵԿԱՆՔ

1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»: Այսօր աշխարհի ավելի քան 40 երկրի ավելի քան 40 թիմ արդեն ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: 2015 թվականին մեր թիմը հաջողությամբ անցնելով որակավորման վարժանք-քննությունը ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում ձեւավերվել են ներքին՝ ազգային որակավորում ունեցող ՔՈՓ թիմեր:

INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող թիմերը հինգ տարին մեկ վերաորակավորվում են: Հայկական ՔՈԹ թիմի վերաորակավորումը նախատեսված էր 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվեց եւ հիմա է անցկացվում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ