Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ջեյն Ղազարյան. Ոչ մի տեղից կյանքի ավել ժամանակ չես գնի, պետք է...

Ջեյն Ղազարյան. Ոչ մի տեղից կյանքի ավել ժամանակ չես գնի, պետք է երջանիկ ապրես

1944
Տարածել

Հետախույզ- կինոլոգ, փ/ծ ենթասպա Ջեյն Ղազարյանն ԱԻՆ համակարգում է 10 տարի։ Կենդանիների հանդեպ սերը տատից է ժառանգել։ Իր՝ մարդ տեսակի կայացման գործում մեծ դեր է ունեցել նաեւ Լոռվա հարուստ բնաշխարհի հոտով ու պատկերներով լցված մանկությունը։ Սովորություն է դարձրել՝ ճանապարհ գնալիս միշտ մի անկյունում ուտելիք է պահում թափառական շների համար։

31 տարի առաջ անգլիացի գրող Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպը իր համար ճակատագրական եղավ։ «Խորհրդային տարիներին երեխային օտար անուններ տալն արգելվում էր։ Երբ անձնագրային բաժնում մորս առաջարկում են զավակին տիպիկ հայկական անունով կնքել, երկու ոտքը մի կոշիկն է դնում, թե՝ «Անանուն կմնա, եթե Ջեյն չկոչեմ»,- ժպիտով պատմում է զավակն ու հավելում՝ համանուն հերոսուհու հետ մեկ ընդհանրություն ունի՝ իր սիրո համար պայքարելու համառությունը։

2011 թվականին աշխատանքի է անցնում Երեւանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես ռադիոհեռախոսավարուհի։ Շուտով սիրահարվում է ծառայակից ընկերոջը, ընտանիք կազմում։ Երկու տարի անց ընդունվում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ միաժամանակ աշխատում Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատում։

Վստահեցնում է՝ աշխատանքը երբեք ծանր չի թվում, եթե մեջը սեր կա։ Գիտակցումը, որ կարող է մեկին օգտակար լինել, իրեն երջանիկ է դարձնում։ Տղամարդկանց միջավայրում տարիների ծառայությունը փոխում է տղամարդ-կին դերաբաշխման մասին կարծրատիպերը։ Փրկարար կինը խելացի է, լավ խորհրդատու եւ ընկեր։ Նրան պարտավոր են հավասարի պես վերաբերվել։ Հատկապես պայթուցիկ նյութերի հայտնաբերման կանչերի ժամանակ մարդիկ չեն թաքցնում իրենց թերահավատությունը կին կինոլոգի մասնագիտական որակների հանդեպ։ Սովորել է ներողամիտ լինել․ գործը թող խոսի իր փոխարեն։ «Վերջերս շտապօգնության բժշկից ահազանգ էինք ստացել, որ դոբերման ցեղատեսակի շունը չի թողնում մտնել հիվանդի տուն։ Այդ օրը հերթապահ էի․ տղամարդիկ, ինձ տեսնելով, գլուխները կախեցին, բացատրեցի, որ մասնագետ եմ, եւ կինոլոգիայում աղջիկ-տղա չեն տարանջատում։ Շունը խելացի էր, միանգամից մոտս եկավ։ Ժամանակին օգնեցինք քաղաքացուն»,- վերհիշում է Ջեյնը։

Վերջին տարին աղջիկը մասնագիտանում է նաեւ կենդանիների հեռահար ներարկման գործում։ Նրա խոսքով՝ համազգեստ կրող կինը, որքան էլ դժվար լինի, պետք է կարողանա զսպել ապրումները, վտանգին նայել ուղիղ աչքերով, նույնիսկ՝ եթե առաջին անգամ դեմառդեմ արջ է դուրս եկել։ Ջոկատում աշխատում է թե՛ հովվաշների, թե՛ լաբրադորների հետ։ Կատակում է՝ շունն ավելի հեշտ է մարդկային լեզուն ընկալում։ Զբոսնելիս «զրույցի» են բռնվում, պատմում է իր մտքերը, մտահոգությունները։ Վերջերս է «թոշակի» ուղարկել փորձառու լաբրադոր Մաքսին։ Երկու տարի առաջ Ջեյն-Մաքս զույգի քրտնաջան պարապմունքների արդյունքը կինոլոգիական խմբերի հանրապետական փառատոնի գավաթն էր։ Այժմ Մաքսին փոխարինելու է եկել շարժուն, սանգվինիկ խառնվածքով Մալտան, որին աչքի տակ էր առել դեռ ծնվելու օրվանից։

Փրկարար ծառայողը, Ջեյնի կարծիքով, երբեք չպետք է դադարի կատարելագործվել․ պաշտպանությունը գիտելիքի մեջ է։ Չինաստանում եւ Ռուսաստանում տարբեր թեմաներով իր վերապատրաստումները ցույց են տվել, որ հայ փրկարարները ոչ ոքի չեն զիջում իրենց հմտություններով։

Աշխատանքային վտանգներին զուգահեռ՝ միշտ զավեշտալի դեպքեր են լինում։ Չի մոռանում պարաշյուտով իր էքստրեմալ թռիչքը, երբ 800 մետր բարձրությունից ազատ անկումից հետո թիկունքում լսեց ջոկատի հրամանատարի բղավոցն ու կորցրեց կառավարումը։ Վայրէջքից հետո շունչ քաշած՝ ծիծաղում էին, թե ինչպես կարելի է այդպիսի պատասխանատու պահին աջն ու ձախը շփոթել։

Երբեք չի երկնչում իր ուժերը նոր ոլորտում փորձել։ Առաջիկա պլաններում ջրասուզումն է։ Մտերիմները կողքին են, կիսում են նրա բոլոր խենթ գաղափարները։ «Կինը պետք է ունենա ընտանիք, իր շուրջը ստեղծի հարմարավետություն, բայց երբեք չմոռանա անձնական անկյան մասին։ Այս ամենն ինձ սովորեցել են տարիները․ միգուցե մի օր բոլորովին այլ կերպ մտածեմ, ուրիշ մարդ դառնամ։ Մի բան հստակ գիտեմ՝ ոչ մի տեղից կյանքի ավել ժամանակ չես գնի, պետք է երջանիկ ապրես»,- անկեղծանում է Ջեյնը եւ խորհուրդ տալիս անկեղծ ու առանց պայմանների սիրել, չդատել։

Ամեն մարդ մի պատմություն է, ամեն սեր զգացմունքների տարբեր չափաբաժին ունի։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ջեյն Ղազարյանը