Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ստորագրվեց հանրային իրազեկման բարելավման ծրագրի երկրորդ փուլի պայմանագիրը

Ստորագրվեց հանրային իրազեկման բարելավման ծրագրի երկրորդ փուլի պայմանագիրը

3420
Տարածել

Այսօր, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրվեց «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» երկրորդ փուլի պայմանագիրը: Սա հայ-ճապոնական համատեղ ծրագիր է, մեկնարկել է 2019 թվականի փետրվարին, պետք է ավարտվեր 2022-ի հունիսին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամկետների փոփոխություն է եղել: Ծրագիրը կավարտվի 2023-ի հունվարին: Հայկական կողմից ստորագրողը ԱԻ առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանն էր, ճապոնական կողմից` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ JICA, Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոն եւ ծրագրի համակարգող Քոիչի Շիվակուն:

Ստորագրումից առաջ, ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովն ամփոփեց առաջին փուլի արդյունքները: Արմեն Փամբուխչյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը տարաբնույթ է՝ գույքի, սարքավորումների տրամադրումից մինչեւ մասնագետների վերապատրաստում: Էջիրի Յուկիհիկոն էլ ուրախությամբ արձանագրեց, որ ԱԻՆ աշխատակիցները ակտիվ կիրառում են վերապատրաստման ծրագրով ստացած գիտելիքները:

«Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրով» անցկացվել է հայ մասնագետների երեք վերապատրաստում՝ երկուսը Հայաստանում, մեկը՝ Ճապոնիայում, մշակվել է աղետների վերաբերյալ բնակչությանը, պաշտոնատար անձանց լրատվամիջոցներին ժամանակին եւ ճիշտ տեղեկություններ հաղորդելու գործողությունների ստանդարտ ընթացակարգի նախագիծ եւ լրատվամիջոցների համար աղետների լուսաբանման ուղեցույցի նախագիծ: Անցկացվել է լրագրողական աշխատանքների քարոզարշավ:

Գործողությունների ստանդարտ ընթացակարգի ընդունումը կբացառի հանրային իրազեկման հնարավոր խոչընդոտները, իսկ աղետների լուսաբանման ուղեցույցը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ աղետի գոտում լրագրողի եւ տուժած քաղաքացու իրավունքներից մինչեւ լրագրողների վերապատրաստում: «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» երկրորդ փուլում այս նախագծերը կհաստատվեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» մասին կարդացեք նաեւ.

Մարդը չի կարող արձագանքել նրան, ինչը չի պատկերացնում

Հանրային իրազեկման NHK-ի փորձը

Հանրային իրազեկման պետության քայլերը