Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստման դասընթաց «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում»

Վերապատրաստման դասընթաց «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում»

1710
Տարածել

Հայաստանի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գործող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» (ՀՌՄԱԿ)  այս տարվա ուսումնական պլանի համաձայն, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության 90 ծառայող 11 ծրագրով կվերապատրաստվի Ռուսաստանում, 174 փրկարար 16 ծրագրով՝ կենտրոնում՝ Ռուսասատանից ժամանած մասնագետների օգնությամբ: Վերապատրաստման դասընթացների թեմաները ընտրում են Հայաստանի մասնագետները՝ ըստ մեր փրկարարների կարիքների եւ առաջնահերթությունների: Դասընթացներում հիմնականում ներգրավվելու գործող ուժի՝ հրշեջ-փրկարարական ջոկատների ծայառողները: Կլինեն նաեւ դասընթացներ ղեկավար կազմի համար:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Էդուարդ Յաշչյանի խոսքով, մայիսի 30-ից հունիսի 8-ը կենտրոնում անցկացվել է այս տարվա առաջին դասընթացը, որին մասնակցել է 20 փրկարար՝ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից եւ Հայաստանի բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Դասընթացն անցկացրել են Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման հարցերի նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի չորս դասախոս: Վերապատրաստման թեմաներն էին. «Տեխնածին փլատակներում վթարափրկարարական եւ անհետաձգելի այլ աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Որոնողափրկարարական աշխատանքներում արբանյակային կողմնորոշման միջոցների օգտագործում, ռադիոկապի կազմակերպում եւ իրականացում»: Եղել են տեսական եւ գործնական դասեր: Վերջում վերապատրաստված փրկարարները ստուգարք են հանձնել: «Ուսուցումն ավարտվել է բարեհաջող: Ընտրված թեմաները մեզ համար արդիական են եւ կարեւոր»,- մեզ հետ զրույցում ասաց Էդուարդ Յաշչյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ