Գլխավոր Միջոցառումներ «Աշխատանքներ բարձրությունների վրա՝ ճոպանների միջոցով»․ վերապատրաստման դասընթաց՝ ՌՀՄԱԿ-ում

«Աշխատանքներ բարձրությունների վրա՝ ճոպանների միջոցով»․ վերապատրաստման դասընթաց՝ ՌՀՄԱԿ-ում

2300
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2022 թվականի աշխատանքային պլանի համաձայն,  մայիսի 10-18-ը անցկացվեցին «Աշխատանքներ բարձրությունների վրա՝ ճոպանների միջոցով» թեմայով փրկարարների վերապատրաստման դասընթաց։ Մասնակցում էին Երեւանի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի փրկարարական ստորաբաժանումների 12 ծառայող։

Դասախոսում էին Ուֆա քաղաքի արդյունաբերական ալպինիզմի եւ փրկարարների «Պրոֆսերվիս» կրթական կենտրոնի տնօրեն, բարձրության վրա աշխատանքների գծով հրահանգիչ Սվետլանա Չերկասովան եւ դասախոս, հրահանգիչ Մարատ Ալպարովը։

9-օրյա ծրագիրը գերհագեցած էր։ Սվետլանա Չերկասովայի խոսքով՝ հայ փրկարարները ծանոթացել են բարձրության վրա աշխատանքի անվտանգ մեթոդներին, պարանների միջոցով կատարել տարբեր անցումներ ու վայրէջքներ, ուսումնասիրել են հենման կետերը, իրականացրել որոնողական եւ տարհանման միջոցառումներ՝ երկու սցենարով․ մի դեպքում բարձրության վրա աշխատող երկու փրկարարներից մեկը ինչ-որ պատճառով կորցնում է գիտակցությունը, եւ նրան պետք է անհապաղ իջեցնել, մյուս դեպքում տուժածը քաղաքացիական անձ է, որին պետք է տարհանել պատգարակի միջոցով։

«Տղաներն ամեն ինչից գլուխ են հանում, ունեն կամք, ոգի ու սովորելու ցանկություն։ Ինձ համար պատիվ է նման լուրջ մարդկանց գիտելիք փոխանցելը»,- հավելեց «Պրոֆսերվիս» կենտրոնի տնօրենը։

Գյումրու թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ ավագ հրշեջ, փ/ծ ավագ Սեւակ Թումասյանը 9 տարի համակարգում է, աշխատել է որպես ջրասուզակ, այնուհետեւ անցել հրշեջ- փրկարարի հաստիքի։ Նկատում է՝ բարձրության վրա աշխատանքներում իրենց եւ ռուս մասնագետների միջեւ ոճային ու տեխնիկական տարբերություններ կան, փորձում է հնարավորինս սովորել նրանցից ու հմտանալ։ Գյումրիում բարձրահարկ շենքերը շատ են։ Հենց վերջերս է փակ դռան ահազանգ ունեցել․ տանիքից իջնելով՝ ներս է մտել պատուհանից եւ հանգստացրել տանը մենակ մնացած երեխային։

Երեւանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Տիգրան Ստեփանյանի կյանքում էքստրիմն անպակաս է։ Զբաղվում է արդյունաբերական ու սպորտային ալպինիզմով։ Դասընթացը նոր գիտելիք տվեց՝ հետագայում իր եւ ընկերների անվտանգությունն ավելի ամրապնդելու համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարերը՝ հեղինակի