Գլխավոր ՀՀ ՆԳՆ «911»-Ը «ԿԽՈՍԻ» ՆԱԵՎ ՊԱՐՍԿԵՐԵՆ

«911»-Ը «ԿԽՈՍԻ» ՆԱԵՎ ՊԱՐՍԿԵՐԵՆ

630
Տարածել

Ապրիլի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին՝ արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկերի նվազեցման ու կանխարգելման ոլորտում հայ-իրանական համագործակցության հարցերը քննարկելու նպատակով: 2016-ի դեկտեմբերին Հայաստանի արտակարգ իրավիճակների և Իրանի ներքին գործերի նախարարությունները արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը, ըստ կողմերի, համատեղ գործունեության նոր էջ է:

Հայ-իրանական համատեղ ծրագրերն ուղղված են Հարավային Կովկասում աղետների ռիսկի կառավարման բարելավմանը: Մեր նախարարն ու նրանց դեսպանը քննարկել են փորձի փոխանակման, համատեղ վարժանքների ու այլ ծրագրերի իրականացման, մասնավորաբար՝ ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու հնարավորությունները: Իրանի դեսպանը բարձր է գնահատել հատուկ կարիքներով մարդկանց աշխատանքով ապահովելու մեր ԱԻՆ-ի փորձը:

Խոսվել է նաև զբոսաշրջության մասին: «Հարավային Կովկասը բնական և մարդածին աղետների ռիսկի տեսանկյունից պետք է հնարավորինս անվտանգ լինի, քանի որ տնտեսության և զբոսաշրջության զարգացումն առանց աղետների ռիսկի նվազեցման անհնար է: Պետք է համատեղ ուժերով մեր տարածաշրջանում կառուցենք դիմակայուն ապագա»,- նկատել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ու առաջարկել Իրանի քաղաքացիների Հայաստան այցելելու առավել ակտիվ շրջանում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությունում պարսկերենին տիրապետող օպերատորների հերթապահություն սահմանել՝ Իրանից ժամանած զբոսաշրջիկներից ստացված զանգերը սպասարկելու համար: