Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ռումբի մասին հինգ կեղծ ահազանգ մեկ շաբաթում

Ռումբի մասին հինգ կեղծ ահազանգ մեկ շաբաթում

1683
Տարածել

Ապրիլի 4-10-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 434 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 116 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 15 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 148 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջաններում, Լոռիում, Շիրակում, Արմավիրում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 38 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 58 մարդ:

Անցածխ շաբաթ տարբեր վայրերում տեղադրված ռումբի վերաբերյալ 5 ահազանգ է եղել: Փրկարարները տարհանել են ավելի քան 7600 մարդու, սակրավորները հետախուզել են տարածքները: Ռումբեր չեն հայտնաբերվել, ահազանգերը կեղծ են եղել:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպար­ման և տարհանման աշխատանքների կազմակերպումը», «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը և համագործակցությունը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներիների կատարման ընթացքում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: